
Հայաստանի հետ նոր և հրաշալի հարաբերություններ են ձևավորում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 26-ի Հայաստանի այցից հետո Սպիտակ տանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը:
«Հիմա մենք տեսնում ենք Հայաստանի հետ նոր և հրաշալի հարաբերությունների ձևավորումը, որոնք, ըստ էության, շատ երկար ժամանակ գտնվում էին լճացման մեջ»,- ասել է նա, հայտնում է Արմենպրեսը:
Նա նշել է, որ այն վայրերից մեկը, որտեղ կանգ էր առել անցած գիշեր, հենց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի մեկնարկի համար էր: ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ այդ նախաձեռնության հիմնական անկյունաքարերից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրն է։
«Դա խաղաղության համաձայնագիրն է, որին դուք կարողացել եք հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- հայտարարել է Ռուբիոն՝ դիմելով Թրամփին։
Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանի հետ ստորագրվել են կարևոր հուշագրեր։
«Մենք ստորագրեցինք նաև օգտակար հանածոների վերաբերյալ կարևոր փոխըմբռնման հուշագիր, ինչպես նաև ռազմավարական փոխգործակցության հուշագիր»,- նշել է Ռուբիոն։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ստորագրել են մի շարք փաստաթղթեր։ Նախաստորագրվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը, ինչպես նաև ստորագրվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։