
Եվրասիական տնտեսական միության առաջնորդները մայիսի 29-ին նախատեսված նիստի ընթացքում քննարկելու են Հայաստանի հետ կապված հարցերը, այդ թվում՝ ԵԱՏՄ-ում երկրի հետագա մասնակցության թեման։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Վաղը տեղի կունենա Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը: Ես կարծում եմ, որ այդ հարցն այս կամ այն ձևով քննարկվելու է»,-ասել է Ուշակովը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսին է Ռուսաստանի և Ղազախստանի միջև կոնսենսուսը Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում մասնակցության վերաբերյալ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 27-29-ը պետական այցով գտնվում է Ղազախստանում։ Նա նախատեսում է մասնակցել նաև Աստանայում անցկացվող Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակում կազմակերպվող միջոցառումներին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի քաղաքացիների համար ճիշտ կլինի, եթե Երևանը հստակեցնի իր դիրքորոշումը Եվրամիությանն անդամակցելու հարցում։ Պուտինը հայտարարել է, որ Եվրամիությանը միանալու Հայաստանի ծրագրերն «առանձնահատուկ քննարկում են պահանջում»։
«Օրինակ՝ կարելի է հանրաքվե անցկացնել։ Դա մեր գործը չէ, բայց, սկզբունքորեն, միանգամայն տրամաբանական կլիներ հանրաքվե անցկացնել և հարցնել Հայաստանի քաղաքացիներին, թե որն է լինելու նրանց ընտրությունը։ Դրան համապատասխան՝ մենք էլ հետևություններ կանեինք և կգնայինք մեղմ, քաղաքակիրթ և փոխշահավետ «ապահարզանի» ճանապարհով։ Ի վերջո, հասկանո՞ւմ եք, մենք հիմա ապրում ենք այն ամենը, ինչ կատարվում էր ուկրաինական ուղղությամբ։ Իսկ ինչի՞ց սկսվեց ամեն ինչ։ Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելուց կամ անդամակցելու փորձից»,- ասել է նա: