
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Աստանայում կայացած ԵԱՏՄ առաջնորդների հանդիպման շրջանակում անդրադարձել են Հայաստանի թեմային, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նրանք հենց երեկ հանդիպման շրջանակում մի քանի անգամ զրուցել են։ Հայաստանի վերաբերյալ կարճ կարծիքների փոխանակում եղել է, սակայն բովանդակային քննարկում չի եղել, պարզապես ժամանակ չի եղել», - լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նա հավելել է, որ ոչ պաշտոնական ճաշի ընթացքում նրանք հնարավորություն են ունեցել բոլորը միասին շատ լավ զրուցելու, բավական երկար շփում է եղել:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 1-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ընթացքում նշել է, որ Եվրամիության մաքսային միությունում և Եվրասիական տնտեսական միությունում միաժամանակ գտնվելը, ըստ էության, հնարավոր չէ։ Մայիսի 9-ին Պուտինն առաջարկել է Հայաստանի՝ Եվրամիության հետ կապված ծրագրերի հարցը քննարկել ԵԱՏՄ հերթական գագաթնաժողովում։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները փորձում են «երկու աթոռի վրա նստել», ինչը, նրա գնահատմամբ, վնասում է Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը։