29 մայիսի 2026 - 13:13 AMT
«Ռոսսելխոզնադզոր»․ Կարելի է ենթադրել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պատշած չի իրականացնում իր գործառույթները

Հայաստանից արտահանվող գյուղմթերքը վերջին շրջանում չի համապատասխանել Ռուսաստանի և ԵԱՏՄ պահանջներին, հայտարարել է «Ռոսսելխոզնադզորը»:

Գերատեսչությունում նաև ենթադրել են, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը լիարժեք չի իրականացնում այն գործառույթները, որ իրեն են փոխանցվել գյուղնախարարության լուծարումից հետո, գրում է ՌԲԿ-ն։

«Հաշվի առնելով, որ Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքի իրացման հիմնական շուկան է, ինչպես նաև այն, որ վերջին շրջանում Հայաստանից մատակարարվող արտադրանքը չի համապատասխանում ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի ֆիտոսանիտարական պահանջներին, կարելի է ենթադրել, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը չի կարողանում կատարել այն լիազորությունները, որոնք իրեն վերապահվել են գյուղատնտեսության նախարարության լուծարումից հետո», — հայտարարել են գերատեսչությունում։

2019 թվականին Հայաստանում լուծարվել է գյուղատնտեսության նախարարությունը, և ոլորտի հարցերով զբաղվում է էկոնոմիկայի նախարարությունը։

Մայիսի 30-ից սահմանափակվելու է Հայաստանից Ռուսաստան բանջարեղենի և մրգերի ներմուծումը։ Ավելի վաղ սահմանափակող միջոցները վերաբերել են նաև հայկական ծաղիկներին, «Ջերմուկ» հանքային ջրին, ինչպես նաև հայկական երեք արտադրողների կոնյակին և գինուն։