
Իրանը դեմ է Հարավային Կովկասի գործընթացներում արտատարածաշրջանային ուժերի միջամտությանը։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային, հայտնում է News.am-ը:
Բաղային ևս մեկ անգամ հաստատել է, որ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ:
«Մենք կողմ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը։ Աջակցում ենք տրանսպորտային կապերի զարգացմանը, եթե դրանք նպաստում են տնտեսական աճին և չեն ազդում պետությունների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության վրա, ինչպես նաև չեն փոխում տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերը», - հայտարարել է նա։
Դիվանագետի խոսքով՝ Հարավային Կովկասի հարցերում արտատարածաշրջանային խաղացողների միջամտությունը հակասում է տարածաշրջանի անվտանգության և զարգացման շահերին։
Նա վստահեցրել է, որ Իրանը ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը և սերտ կապի մեջ է թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ստորագրել են մի շարք փաստաթղթեր։ Նախաստորագրվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը, ինչպես նաև ստորագրվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։