29 մայիսի 2026 - 16:10 AMT
ԵԱՏՄ երկրների ղեկավարները հայտարարություն են ընդունել ՀՀ վերաբերյալ

ԵԱՏՄ երկրների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ հայտարարություն են ընդունել։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Աստանայում անցկացվել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը՝ ինչպես նեղ, այնպես էլ ընդլայնված կազմերով։ Մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունները՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Հայաստանը, ինչպես նաև դիտորդ պետությունները՝ Ուզբեկստանը, Կուբան և Իրանը։

«Այնտեղ չորս ղեկավարների հայտարարություն է ընդունվել»,- լրագրողներին ասել է Ուշակովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հայաստանի փոխվարչապետին է փոխանցվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հայտարարությունը:

Նեղ կազմով քննարկվել է ԵՄ-ին անդամակցելու ՀՀ մտադրությունը: Հայտարարության տեքստը կհրապարակվի ավելի ուշ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի քաղաքացիների համար ճիշտ կլինի, եթե Երևանը հստակեցնի իր դիրքորոշումը Եվրամիությանն անդամակցելու հարցում։ Պուտինը հայտարարել է, որ Եվրամիությանը միանալու Հայաստանի ծրագրերն «առանձնահատուկ քննարկում են պահանջում»։

«Օրինակ՝ կարելի է հանրաքվե անցկացնել։ Դա մեր գործը չէ, բայց, սկզբունքորեն, միանգամայն տրամաբանական կլիներ հանրաքվե անցկացնել և հարցնել Հայաստանի քաղաքացիներին, թե որն է լինելու նրանց ընտրությունը։ Դրան համապատասխան՝ մենք էլ հետևություններ կանեինք և կգնայինք մեղմ, քաղաքակիրթ և փոխշահավետ «ապահարզանի» ճանապարհով։ Ի վերջո, հասկանո՞ւմ եք, մենք հիմա ապրում ենք այն ամենը, ինչ կատարվում էր ուկրաինական ուղղությամբ։ Իսկ ինչի՞ց սկսվեց ամեն ինչ։ Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելուց կամ անդամակցելու փորձից»,- ասել է նա: