
Հայաստանը ԵՄ հետ մերձեցման պետք է գնա իր հաշվին, ոչ թե Ռուսաստանի կամ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ), հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կա ևս մեկ կարևոր հարց․ շարժվելով դեպի Եվրամիություն, ինչը Հայաստանի բացարձակ ինքնիշխան իրավունքն է, Հայաստանը չի կարող և չպետք է դա անի ԵԱՏՄ երկրների ֆինանսական միջոցների հաշվին։ Այսինքն՝ այն պետք է իրականացնի սեփական հաշվին»,- լրագրողներին ասել է Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Նա հավելել է, որ Հայաստանը Եվրամիության հետ մերձեցման ընթացքում վաղ թե ուշ հայտնվելու է մի իրավիճակում, երբ իր կողմից ընդունված նորմերը կհակասեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կանոններին և պահանջներին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 1-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ընթացքում նշել է, որ միաժամանակ Եվրամիության և ԵԱՏՄ մաքսային միություններում գտնվելը, ըստ էության, հնարավոր չէ: Մայիսի 9-ին Պուտինն առաջարկել էր Հայաստանի՝ Եվրամիության հետ կապված ծրագրերի հարցը քննարկել Եվրասիական տնտեսական միության առաջիկա գագաթնաժողովում։