
Խորհրդարանը պետք է ձևավորվի այնպես, որ ոչ մի ուժ չունենա 50+1 ձայն, հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը Գյումրիում ունեցած հանդիպման ընթացքում:
«Քաղաքական իմաստով մենք ուղերձ ունենք. ասում ենք, որ ոչ մի ուժ չպետք է ունենա բացարձակ իշխանություն: Մենք ժողովրդին կոչ ենք անում, որ ընտրությունների միջոցով այնպես իր քվեարկությունը կազմակերպի, որ Հայաստանում որևէ ուժ այլևս բացարձակ իշխանություն չունենա: Մենք տեսել ենք բացարձակ իշխանություն մինչև 18 թվականը՝ մինչև հեղափոխությունը, տեսնում ենք 18 թվականից մինչև 26 թվականը, և մենք գտնում ենք, որ խորհրդարանը պետք է ձևավորվի մի շարք ուժերից այնպես, որ ոչ մի ուժ չունենա 50+1 ձայն»,-ասել է նա, հայտնում է Factor.am-ը:
Մարուքյանը հայտարարել է, որ հայ մարդու, հայ ժողովրդի, հայկական պետականության ինքնությունը վտանգված է:
«Մեր պատմական հիշողությունը, մեր անցած ճանապարհը, մեր մշակութային ժառանգությունը, մեր կրոնը, մեր պետության հայկական բովանդակությունը վտանգված է»,-ասել է նա:
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։