
Երևանի և Վաշինգտոնի միջև TRIPP-ի գործարկման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը չի նշանակում, որ հաղորդակցության ուղիները սկսելու են գործել ի շահ Հայաստանի, ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՌԲԿ-ին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ տնտեսական արդյունքների հասնելու համար Երևանը պետք է ընդլայնի նախագծի շրջանակը՝ միաժամանակ նվազեցնելով Իրանի հնարավոր արձագանքների հետ կապված ռիսկերը, գրում է Sputnik Արմենիան:
Քոչարյանի գնահատմամբ՝ դժվար է հասկանալ, թե ինչպես է երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածը վերածվել համաշխարհային նշանակության նախագծի։ Նրա կարծիքով՝ «Թրամփի ուղի» նախաձեռնության իրականացումը նախևառաջ ուժեղ քարոզչական քայլ է, որը նպատակ ունի ձևավորել լարվածության և անվստահության մթնոլորտ Հայաստանի ու Իրանի միջև, ինչպես նաև որոշակի ազդակ է ուղղված Ռուսաստանին։
«Խոսքը մի ճանապարհի մասին է, որը միացնում է Ադրբեջանն ու Նախիջևանը։ Ավելին` այդ հարցն ամրագրված էր դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հայտարարության 9-րդ կետում։ Հիմա դա ստացել է TRIPP անվանումը և ուղեկցվում է լայնամասշտաբ գովազդային արշավով», – նշել է Քոչարյանը։
Նրա խոսքով՝ նախագիծը պետք է մասշտաբայնացվեր՝ ենթակառուցվածքներն ընդլայնելով մինչև Երասխ գյուղ և ներգրավելով միջազգային այլ դերակատարների, որոնք Իրանի կողմից դիտարկվում են որպես բարեկամական գործընկերներ։
«Իրանի բացասական արձագանքի ռիսկերը նվազեցնելու համար նախագծում կարելի էր ներգրավել Ռուսաստանին կամ Չինաստանին։ Չհրաժարվելով ԱՄՆ–ի հետ գործակցությունից և չդիպչելով ամերիկյան նախագահի ինքնասիրությանը՝ կարելի է նախագիծն ավելի օգտակար դարձնել Հայաստանի համար և միաժամանակ չեզոքացնել հնարավոր ռիսկերը», – նշել է նա։
Քոչարյանը շեշտել է, որ ցանկացած ղեկավար պարտավոր է նախապես գնահատել իր որոշումների հնարավոր սպառնալիքները և լուծումներ որոնել դրանք նվազագույնի հասցնելու համար։ Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ին TRIPP-ը անհրաժեշտ է Կենտրոնական Ասիայից ռեսուրսների, մասնավորապես՝ հազվագյուտ հողային հանա՛ոների, տեղափոխման համար՝ Ադրբեջանի, Վրաստանի և Եվրոպայի տարածքներով դեպի ԱՄՆ։
ՀՀ երկրորդ նախագահի գնահատմամբ՝ նախագծի ընդհանուր ներդրումային ծավալը կազմում է մոտ 100-150 միլիոն դոլար, իսկ Հայաստանի բաժինը՝ մոտ 26 տոկոս։
Քոչարյանը նաև ընդգծել է, որ TRIPP նախագծի իրականացումը դեռևս չի կարող երաշխավորել Հայաստանի համար ակնկալվող օգուտները։ Նա ուշադրություն է հրավիրել նաև Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրատնտեսական հարաբերությունների համեմատաբար սահմանափակ ծավալի վրա։
Նրա կարծիքով՝ Վաշինգտոնի հիմնական հետաքրքրությունը պայմանավորված է հայ-իրանական սահմանին ներկայություն ապահովելու հնարավորությամբ, քանի որ Իրանի հետ սահման ունեցող գրեթե բոլոր մյուս երկրներում ամերիկյան ռազմական ներկայությունն արդեն առկա է։
Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Մարկո Ռուբիոյի՝ Երևան կատարած այցից հետո անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում, հայտարարել է, որ Հայաստանը և ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին պատրաստվում են ստորագրել TRIPP-ի վերաբերյալ վերջնական համաձայնագիրը։