
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, շնորհավորել նրան ծննդյան օրվա առիթով, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները», – ասված է Կրեմլի հաղորդագրությունում։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռուսաստանի նախագահը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետին։ ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվան շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացման հարցում։
ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ զրուցակիցները պայմանավորվել են քննարկումները շարունակել առաջիկա հարմար առիթով՝ հանդիպման ձևաչափով:
«Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ։ ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել տարընթերցումների առիթ տվող մի շարք հարցերի վերաբերյալ հավասարակշռված դիրքորոշումների, բարեկամական տոնայնության, ինչպես նաև աջակցության համար։ Զրուցակիցները պայմանավորվել են քննարկումները շարունակել առաջիկա հարմար առիթով՝ հանդիպման ձևաչափով»,– ասված է ՀՀ վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանը պետք է հնարավորինս արագ հստակեցնի իր դիրքորոշումը Եվրասիական տնտեսական միությունում մասնակցության հարցում։ Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր պետություն ինքն է ընտրում իր գործընկերներին, սակայն միաժամանակ երկու տարբեր ինտեգրացիոն կառույցներում լիարժեք անդամակցությունը հնարավոր չէ։
ՌԴ նախագահի խոսքով՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը կկորցնի ազատ առևտրի մասին գործող համաձայնագրերից օգտվելու հնարավորությունը, կբախվի բեռնափոխադրումների ոլորտում ավելի խիստ պահանջների, իսկ աշխատանքային միգրանտները Ռուսաստանում աշխատելու համար ստիպված կլինեն արտոնագրեր ձեռք բերել։ Նա նաև նշել է, որ հանրապետության համար կթանկանան վառելիքային ռեսուրսները, ինչը, նրա գնահատմամբ, կարող է արժենալ երկրի ՀՆԱ-ի մոտ 14 տոկոսը։