
Հասարակական-քաղաքական գործիչ Գեղամ Օհանյանն անժամկետ նստացույց է սկսել Բաղրամյան պողոտայում՝ Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանին ազատ արձակելու պահանջով։
Նա նշել է, որ անձամբ չի ճանաչում Արթուր Օսիպյանին և այս քայլով փորձում է պայքարել անարդարության դեմ, հայտնում է Sputnik Արմենիան:
Օհանյանն իր նստացույցն իրականացնում է Բաղրամյան պողոտայում՝ մետրոյի «Բաղրամյան» կայարանի հարակից հատվածում։
«Ես նստացույց եմ սկսում, ու այստեղ եկել եմ որպես քաղաքացի ու որևէ քարոզարշավ կամ այլ քաղաքական գործընթաց չի կարող խանգարել։ Ընդդիմադիր բազմաթիվ քաղաքական ուժեր իմ այս քայլը կփորձեն օգտագործել դիվիդենտ հավաքելու համար, բայց դա բացառվում է։ Իմ նստացույցին կարող են միանալ նրանք, ովքեր ինչ–որ քարոզչամեքենա չեն կիրառելու ու քարոզարշավը չեն բերելու այստեղ։ Ես Արթուր Օսիպյանին չեմ ճանաչում ու 2 օր առաջ էլ իմացա, որ նա 2 անչափահաս երեխա ունի։ Փաստորեն նա կալանավորվել է զուտ այն բանի համար, որ Արցախից տեղահանված է ու համարձակվել է վարչապետի թեկնածուին հարց ուղղել»,– ասել է Օհանյանը։
Ավելի վաղ Արթուր Օսիպյանի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող իր պաշտպանյալն արդեն 13 օր է հացադուլ է իրականացնում և զգալիորեն հյուծված վիճակում է։ Փաստաբանի խոսքով՝ Օսիպյանն այդ կերպ Նիկոլ Փաշինյանից պահանջում է ներողություն խնդրել իրեն «փախած» անվանելու և արժանապատվությունը վիրավորելու համար։
Մայիսի 21-ին հայտնի է դարձել, որ Օսիպյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկամսյա կալանքը։ Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը)։
Գործն այս պահին գտնվում է Վերաքննիչ դատարանում․ բողոքարկվել է կալանքի վերաբերյալ որոշումը և ներկայացվել է հատուկ վերանայման բողոք։