1 հունիսի 2026 - 15:50 AMT
Քոչարյան․ Զելենսկու ելույթը Երևանում խթան դարձավ ՌԴ կոշտ միջոցների համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու երևանյան ելույթում հնչեցրած հայտարարությունը խթան էր, որը Ռուսաստանին դրդեց որոշակի գործողություններ ձեռնարկել Հայաստանի դեմ, հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը ՌԲԿ-ին տված հարցազրույցում:

Լրագրողը նշել է, որ վերջին օրերին տարածվել են բազմաթիվ տեղեկություններ Հայաստանից տարբեր ապրանքների ներմուծման արգելքների մասին, ընդ որում՝ այդ միջոցները կիրառվել են ընտրություններից ընդամենը մի քանի շաբաթ առաջ։ Այս համատեքստում Քոչարյանից հետաքրքրվել են, թե հասարակությունն ինչպես է գնահատում այդ սահմանափակումները և արդյոք հասկանում է դրանց պատճառները, հայտնում է Sputnik Արմենիան:

Քոչարյանի խոսքով՝ Ռուսաստանը երկար ժամանակ փորձել է Հայաստանի իշխանություններին հասկացնել, որ Եվրամիության հետ մերձեցումը կարող է որոշակի հետևանքներ ունենալ։ Նրա գնահատմամբ՝ Մոսկվան նաև բաց տեքստով ակնարկել է հնարավոր ռիսկերի մասին, սակայն ի վերջո Ռուսաստանի համբերությունը սպառվել է։

«Ինչո՞ւ հենց հիմա։ Որովհետև մայիսի սկզբին այստեղ մեծ միջոցառում տեղի ունեցավ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Այդ գագաթնաժողովին մասնակցում էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, և Ռուսաստանի հասցեին բավական ագրեսիվ հայտարարություններ արվեցին։ Կարծում եմ՝ սա է խթան հանդիսացել, որը Ռուսաստանին դրդել է որոշակի գործողություններ ձեռնարկել», – ասել է Քոչարյանը։

Նրա կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները սխալ են գնահատել իրավիճակը՝ ենթադրելով, որ տեղի ունեցածը Ռուսաստանում բացասական արձագանք չի առաջացնի, և Մոսկվան անտարբեր կմնա այդ զարգացումների նկատմամբ։

Քոչարյանը նաև նշել է, որ տարածաշրջանում ներկայում շարունակվում է ազդեցության համար պայքարը տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների միջև։ Նրա խոսքով՝ եվրոպական և ամերիկյան ուժերը «անում են հնարավոր ամեն բան Ռուսաստանին դուրս մղելու համար», իսկ Հայաստանը ներքաշվել է այդ գործընթացում։

Ավելի վաղ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի բացման ժամանակ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ «ուկրաինական անօդաչուները կարող են անցնել շքերթի վրայով»՝ մեկնաբանելով տեղեկությունները, ըստ որոնց՝ 2026 թվականին Մոսկվայում նախատեսվող շքերթը անցկացվելու է առանց ծանր ռազմական տեխնիկայի։