3 հունիսի 2026 - 11:03 AMT
Վարդևանյան. Չենք սկսելու սեփական զրոյական կետից, բայց երաշխավորներ են պետք

«Ուժեղ Հայաստանն» իշխանության գալու դեպքում, ի տարբերություն օրվա իշխանությունների, չի սկսելու սեփական 0-ական կետից, հայտարարել է կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանը: Նա այդ մասին խոսել է՝ պատասխանելով խաղաղության փաստաթղթի հնարավոր վերանայման մասին հարցին:

«Հարգելու ենք ՀՀ-ի ստանձնած պարտավորությունները, ինչքան էլ, որ դրանք հաճախ լինում են հարկադրված»,-ասել է նա:

Անդրադառնալով 2025-ի օգոստոսին Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի կողմից նախաստորագրված փաստաթղթին՝ Վարդևանյանն ասել է, որ դրա բովանդակությունը ողջամիտ է, սակայն անհրաժեշտ են երաշխավորներ:

«Այդ փաստաթղթում չկա որևէ դրույթ, որ Հայաստանում պետք է սահմանադրական բարեփոխումների օրակարգ ծնվի, կամ հարյուրավոր, հազարավոր կամ այլ քանակի ադրբեջանցիների հարց լինի։ Մենք խոսում ենք այն մասին, որ ուժեղ Հայաստանում նվաստացված վիճակը պետք է թողնվի անցյալում և երկիրը գնա դեպի իրապես ուժեղ Խաղաղության»,-ասել է Վարդևանյանը։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։