
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դատապարտել է Մասիս քաղաքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների վրա հարձակումը՝ նշելով, որ մեկ ուժի նկատմամբ բռնությունը հարձակում է ամբողջ ընդդիմության դեմ: Այդ մասին ասվում է կուսակցության նախընտրական շտաբի հայտարարության մեջ:
«Քաղաքական պայքարը պետք է լինի գաղափարների, ծրագրերի և տեսլականների մրցակցություն, ոչ թե ուժի, բռնության դրսևորում։ Անկախ քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելությունից՝ նման միջադեպերը անընդունելի են և չեն կարող արդարացվել որևէ հանգամանքով։
Մենք համոզված ենք, որ ընդդիմադիր որևէ ուժի նկատմամբ իրականացված բռնությունը հարձակում է ոչ միայն այդ քաղաքական ուժի, այլև ամբողջ ընդդիմության, քաղաքական բազմակարծության և ազատ ընտրությունների գաղափարի դեմ։
Կոչ ենք անում իրավապահ մարմիններին հնարավորինս արագ բացահայտել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները և օրենքի համաձայն պատասխանատվության ենթարկել մեղավորներին։
Ընտրություններին մնացել են հաշված օրեր։ Ուստի առավել քան երբևէ անհրաժեշտ է զսպվածություն, պատասխանատվություն և փոխադարձ հարգանք։ Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին և նրանց աջակիցներին չտրվել սադրանքների, մնալ քաղաքական կոռեկտության սահմաններում և թույլ չտալ, որ ընտրական գործընթացը ստվերվի բռնության ու թշնամանքի դրսևորումներով։
Այս օրերին որոշվում է մեր պետության և ժողովրդի ապագան, ուստի առավել քան կարևոր է, որ քաղաքական գործընթացներն ընթանան խաղաղ, արդար, օրինական և ժողովրդավարական մթնոլորտում։ Հայաստանում ներքին համերաշխության, փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության մթնոլորտը չպետք է այլընտրանք ունենա»,- նշվում է ԲՀԿ նախընտրական շտաբի հայտարարության մեջ։
Հունիսի 2-ին Մասիսում բռնություն է գործադրվել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի ակտիվիստների նկատմամբ, որին ակտիվ մասնակցություն է ունեցել տեղի ԵԿՄ նախագահը։ «Ուժեղ Հայաստանի» ակտիվիստների շրջանում կան տուժածներ, ընդհուպ կողոսկրի կոտրվածք ստացած անձ։
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն ասել է, որ Մասիսում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել նախաքննական մարմին։