3 հունիսի 2026 - 13:13 AMT
ԶԼՄ․ Ֆոն դեր Լայենն ու Փաշինյանը կքննարկեն ԵՄ հնարավոր աջակցությունը ՀՀ-ին՝ ՌԴ սահմանափակումների ֆոնին

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ին հեռախոսազրույց կունենան՝ քննարկելու ԵՄ կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցությունը՝ Ռուսաստանի սահմանած տնտեսական սահմանափակումների պայմաններում, հայտնում է «Ազատությունը» Բրյուսելում իր աղբյուրների վրա հղումով:

Նույն տեղեկությունների համաձայն՝ Եվրամիությունը պատրաստվում է ֆինանսական աջակցություն հատկացնել Երևանին, թեև դրա վերջնական չափը դեռ չի որոշվել։

Ֆինանսական օժանդակությունից բացի, աղբյուրների փոխանցմամբ, Բրյուսելը մտադիր է Հայաստանի համար կիրառել արտոնյալ պայմաններ առևտրի ոլորտում։ Խոսքը վերաբերում է Առևտրի ինքնավար միջոցառումներին (Autonomous Trade Measures – ATM), որոնց շրջանակում հայկական որոշ ապրանքներ կարող են մուտք գործել եվրոպական շուկա՝ առանց մաքսատուրքերի և քվոտաների։

Թե հատկապես հայկական որ ապրանքների վրա կարող է տարածվել այդ արտոնյալ ռեժիմը, առայժմ չի հստակեցվել։ Միևնույն ժամանակ հայտնի է, որ Եվրամիությունը սովորաբար այդ գործիքն օգտագործում է այն դեպքերում, երբ անհրաժեշտ է լինում աջակցել գործընկեր երկրներին՝ ճգնաժամային իրավիճակներում տնտեսության կայունացման և եվրոպական շուկայի հետ ինտեգրման խորացման նպատակով։

Այս մեխանիզմի ամենավերջին օրինակը Ուկրաինան է եղել, որի նկատմամբ այդ ռեժիմը սահմանվել է 2022 թվականի հունիսին՝ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից մի քանի ամիս անց։

Մոլդովան Առևտրի ինքնավար միջոցառումներից օգտվում է դեռ 2008 թվականից, իսկ 2014 թվականին Եվրամիությունն առավել ընդլայնել է այդ արտոնությունները այն բանից հետո, երբ Ռուսաստանն արգելել է մոլդովական գինիների, մրգերի և մսամթերքի ներմուծումը։

Հայաստանի կառավարությունը Բրյուսելի հետ այդ արտոնյալ ռեժիմի շուրջ բանակցությունները սկսել է տարիներ առաջ։

«Քննարկումները հեշտ չեն ընթանում», -2024-ին հայտարարել էր Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Այժմ, սակայն, «Ազատության» աղբյուրների տվյալներով, Եվրահանձնաժողովը պատրաստ է առաջ շարժվել այդ ուղղությամբ։

Միաժամանակ նշվում է, որ այս առևտրային արտոնությունները միակողմանի բնույթ ունեն, և Հայաստանը պարտավոր չէ եվրոպական ապրանքների նկատմամբ կիրառել նույն մոտեցումները, ինչը կարող էր հակասել ԵԱՏՄ շրջանակում Երևանի ստանձնած պարտավորություններին։

Ավելի վաղ տեղեկացվել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի հեռախոսազրույցի մասին։ Զրույցից հետո եվրոպացի պաշտոնյան X-ում գրել էր, որ Բրյուսելը համերաշխ է Ռուսաստանի աճող տնտեսական ճնշումների դեմ կանգնած Հայաստանի հետ և փնտրում է արագ արձագանքման ուղիներ։

«Մենք կարագացնենք աշխատանքը՝ խթանելու առևտրային և էներգետիկ կապերը Հարավային Կովկասի ուղղությամբ և տարածաշրջանում, ինչպես նաև աջակցելու Հայաստանի տնտեսական կապերի ամրապնդմանը իր անմիջական հարևանների հետ», - հայտարարել էր ԵՄ հանձնակատարը՝ հավելելով, որ Հայաստանը ինքնիշխան և անկախ երկիր է, որի ժողովուրդն ազատ է ընտրելու իր երկրի ուղին:

Եթե Եվրամիությունը վերջնական որոշում կայացնի Հայաստանի համար Առևտրի ինքնավար միջոցառումների կիրառման վերաբերյալ, ապա դա հայկական արտադրողների համար հնարավորություն կստեղծի մուտք գործել մոտ 450 միլիոն սպառող ունեցող եվրոպական շուկա՝ պայմանով, որ արտահանվող արտադրանքը համապատասխանի եվրոպական չափանիշներին և որակի պահանջներին։

Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել էՀայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծմաննկատմամբ։