3 հունիսի 2026 - 13:40 AMT
ՌԴ ԱՀԾ․ ԵՄ-ում վարկաբեկիչ նյութեր են պատրաստում ՌՈւԵ Հայաստանի թեմի դեմ

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) հայտարարել է, որ ԵՄ–ն վարկաբեկիչ նյութեր է պատրաստում Ռուս ուղղափառ եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի դեմ:

«Ծառայության տրամադրության տակ են հայտնվել տվյալներ, որոնց համաձայն ներկայում այսպես կոչված եվրոպացի գործընկերները վարկաբեկիչ նյութեր են պատրաստում Ռուս ուղղափառ եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի ներկայացուցիչների վերաբերյալ, որպեսզի Հայաստանի իշխանություններին դրդեն այդ թեմի դեմ լայնածավալ հետապնդումներ սկսելու», - ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ ՌԴ ԱՀԾ-ի՝ Եվրամիությունը կոշտ ճնշում է գործադրել Գյումրիում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի Սուրբ Միքայել Հրեշտակապետ մատուռ-եկեղեցու հոգևոր հովիվ, Ռուս ուղղափառ եկեղեցու քահանա Տիմոֆեյ Կազարյանի նկատմամբ։

«Բրյուսելի կողմից հովանավորվող «Իրազեկ քաղաքացիների միավորում» և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունները համեստ քահանային մեղադրել են, ոչ ավել, ոչ պակաս, Հայաստանում հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին միջամտելու մեջ», - ասվում է հայտարարության մեջ:

ՌԴ արտաքին հետախուզությունը պնդում է, որ ԵՄ-ն մտադիր է դուրս մղել ՀՀ-ից Ռուս ուղղափառ եկեղեցուն:

«Եվրաինտեգրման պարտադիր պայմաններից մեկը, որը ներկայացվում է հայկական իշխանություններին, Մոսկվայի հետ բազմադարյա կրոնական և հոգևոր կապերի լիակատար խզման պահանջն է», — ասված է հաղորդագրությունում։

Ըստ Ռդ ԱՀԾ-ի՝ այդ հարցով զբաղվում է ապրիլին Հայաստանում ստեղծված ԵՄ գործընկերային առաքելությունը։ Ըստ կառույցի՝ նպատակն է ՌՈւԵ թեմին զրկել եկեղեցական անշարժ գույքից օգտվելու իրավունքից և խոչընդոտել նրա երկխոսությունը տեղական կրոնական կառույցների, մասնավորապես՝ Հայ Առաքելական եկեղեցու հետ։