3 հունիսի 2026 - 15:42 AMT
Գուլոյանն Աբովյան քաղաքին կվերադարձնի մոտ 1750 քմ հողատարածք

Կոտայքի նախկին մարզպետ, Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանի հետ կապված գործով Աբովյան քաղաքին կվերադարձվի մոտ 1750 քառակուսի մետր հողատարածք, հայտնում է Sputnik Արմենիան:

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազության ներկայացրած հայցը և անվավեր է ճանաչել Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցում գտնվող հողատարածքի աճուրդը, ինչպես նաև դրան հաջորդած բոլոր առուվաճառքի պայմանագրերը, հայտնում է գլխավոր դատախազությունը:

2008 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 2015 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Կ.Գ.-ն, անտեսելով Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը (ֆիզիկական և իրավաբանական անձանց օտարման ոչ ենթակա հողեր), Աբովյանի համայնքապետարանի իրավասու անձանց օժանդակությամբ, աճուրդներով և ուղղակի վաճառքով տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց օտարել է 60-ից ավելի հողատարածք:

Ապօրինի օտարված հողատարածքների ցանկում է եղել Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի 1/25 հասցեում գտնվող՝ 0,17521 հա մակերեսով հողամասը. այն 2016 թվականի հունիսի 6-ին աճուրդ վաճառքի միջոցով օտարվել է ֆիզիկական անձի: Վերջինս 2024 թվականի մարտի 22-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա նույն հողամասը 72 միլիոն դրամով օտարել է այլ անձի:

Գլխավոր դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Աբովյան համայնքի՝ աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով։

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի մայիսի 29-ի վճռով՝ բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը:

Վճռով անվավեր է ճանաչվել Աբովյան համայնքի կողմից կայացված աճուրդը և որպես աճուրդի անվավերության հետևանք՝ անվավեր են ճանաչվել Աբովյան համայնքի և ֆիզիկական անձի միջև 2016 թվականի հունիսի 6-ին կնքված հողամասի առուվաճառքի մասին պայմանագիրը և պայմանագրի հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Միաժամանակ անվավեր է ճանաչվել 2024 թվականի մարտի 22-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի վերաբերյալ պայմանագիրը և պայմանագրի հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Կարապետ Գուլոյանը Աբովյանի քաղաքապետ է ընտրվել 2008 թվականին և պաշտոնավարել մինչև 2015 թվականը։ 2015 թվականին նա նշանակվել է Կոտայքի մարզպետ, իսկ նրա լիազորությունները դադարեցվել են 2018 թվականի մայիսին։