
Արցախցի Արթուր Օսիպյանի կալանքն ու քրեական հետապնդումը բացահայտ վրեժխնդրություն է, հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանը:
«Մարդը կարծիք է հայտնում, որը դուր չի գալիս իշխանությանը, հետևաբար՝ «բանտը լավագույն տեղն է խելքի գալու համար»։
Այս դեպքն ազդակ է ողջ հասարակությանը, թե ինչ է նշանակում, երբ իշխանությունը քաղաքացուն տեսնում է որպես թշնամի և վերածվում բռնապետության։ Մենք չպետք է թույլ տանք, որ ընտրարշավը լռեցնի այս աղաղակող դեպքը։ Մարդը չպետք է մոռացվի պեռաշկիների, ընդդիմադիրներին կզցնելու և նման վերնագրային նյութերի հետևում։
Դրա համար ենք մենք ասում՝ արդարությունը գալիս է, որ մարդն ու իր խնդիրները չանտեսվեն, կարծիքը՝ չլռեցվի։ Մենք գիտենք՝ ինչպես ապահովել ժողովրդավարություն»,-ասվում է գրառման մեջ:
Թաթոյանը նաև հայտնել է, որ այցելելու է Օսիպյանի իրավունքների պաշտպանության պահանջով նստացույց իրականացնող Գեղամ Օհանյանին՝ աջակցություն և համերաշխություն հայտնելու։
Ակտիվիստ Գեղամ Օհանյանը երկրորդ օրն է նստացույց է իրականացնում նախագահի նստավայրի դիմաց՝ հաջակցություն հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի, որը կալանավորվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցերից հետո։ Օհանյանի փոխանցմամբ՝ նստացույցի մեկնարկային օրը հաջող ընթացք է ունեցել` դիմել են նախագահին, որ միջնորդի Օսիպյանի խափանման միջոցը փոխելու հարցում:
Արթուր Օսիպյանը մոտեցել է Արաբկիր վարչական շրջանում նախընտրական քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանին և հարցեր է ուղղել Հայաստանի անվտանգության, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջների վերաբերյալ՝ նշելով, որ Բաքուն միջազգային հարթակներում բարձրացնում է ադրբեջանցի փախստականների վերադարձի թեման։ Փաշինյանը կտրուկ արձագանք է տվել՝ Օսիպյանին մեղադրելով ադրբեջանական նարատիվներ տարածելու մեջ, ինչից հետո իրավիճակը սրվել է, և վարչապետը կոշտ բառապաշարով հորդորել է նրան հեռանալ։
Դրանից ժամեր անց Օսիպյանը ձերբակալվել է, իսկ ավելի ուշ դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է երկամսյա կալանքը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 297-րդ հոդվածի 1-ին մասով և 211-րդ հոդվածի 1-ին մասով։