3 հունիսի 2026 - 16:31 AMT
Զախարովա. ՀՀ քայլերը տանում են դեպի ՌԴ շահերին հակասող գործողություններ

ՀՀ որդեգրած քաղաքականությունը տանում է դեպի ՌԴ շահերին հակասող գործողություններ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա այդ մասին ասել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Հայաստան կատարած այցին։

«Սա պաշտոնական Երևանի կողմից արևմտյան երկրների հետ համագործակցության խորացմանն ուղղված հերթական կոնկրետ քայլերի օրինակ է... Սակայն գործնականում ստացվում է, որ դրանք քայլեր են, որոնք հանգեցնում են Ռուսաստանի շահերի դեմ ուղղված կոնկրետ գործողությունների», - ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինն ասել է, որ Հայաստանը պետք է գիտակցված որոշում կայացնի Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) իր անդամակցության վերաբերյալ՝ հասկանալով դրա հետ կապված բոլոր հետևանքները։

«Հայաստանը պետք է գիտակցված ընտրություն կատարի՝ հասկանալով բոլոր առավելությունները և այն բոլոր հետևանքները, որոնք կարող են լինել՝ կախված նրանից, թե որ ուղին կընտրի», - ասել է նա:

Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկվել է նաև ԵԱՏՄ գագաթնաժողովում՝ Աստանայում։ Մայիսի 29-ին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել, որտեղ նշել են, որ կիսում են այն դիրքորոշումը, ըստ որի՝ Հայաստանում անհրաժեշտ է անցկացնել համազգային հանրաքվե՝ Եվրամիությանը անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու հարցով։