3 հունիսի 2026 - 19:07 AMT
Փաշինյանն ընդդիմադիր 3 ուժի ղեկավարներին մեղադրել է ԵԱՏՄ-ի շրջանակներում ՀՀ համար խնդիրներ ստեղծելու մեջ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին մեղադրել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանի համար խնդիրներ ստեղծելու մեջ։ Այդ մասին նա հայտարարել է նախընտրական քարոզարշավի ընթացքում Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Արմենպրեսը:

«Ես գիտեմ, որ Մարտունիում անհանգստություններ կան ԵԱՏՄ-ի շրջանակներում տեղի ունեցող պրոցեսների մասին։ ԵԱՏՄ-ն հիմնված է 4 հիմնական սկզբունքների վրա. ապրանքների, ծառայությունների, աշխատուժի, ֆինանսական միջոցների ազատ ներհոսքի վրա։ Գիտեք, այսօր պատերազմի եռագլուխ կուսակցությունը (խմբ. նկատի ունի «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը) նաև ԵԱՏՄ-ի շրջանակներում ինչ-որ կապերով, ինչ-որ բաներով ընտրությունների ժամանակ իրենց երկրի համար խնդիրներ են ստեղծում։ Նրանք, հասկանալով, որ ընտրություններում ձախողվել են և շրխկալով պարտություն են կրելու, ԵԱՏՄ-ի շրջանակներում լրտեսի նման զանգում են, գնում են, այնտեղ ինչեր են անում՝ մեր երկրի համար խնդիրներ ստեղծելու»,- ասել է Փաշինյանը։

Նա նաև անդրադարձել է հունիսի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցին։

«Ռուսաստանի նախագահը զանգահարել էր իմ ծնունդը շնորհավորելու համար, բայց մենք նաև գործնական խոսակցություններ ունեցանք, և մենք պայմանավորվեցինք, որ ընտրություններից հետո ես նորից կմեկնեմ, հանդիպում կունենանք ու բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք»,- ասել է Փաշինյանը։

Վերջին շրջանում Ռուսաստանը մի քանի անգամ բարձր մակարդակով Հայաստանի իշխանություններին կոչ է արել հստակ ընտրություն կատարել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանին առաջարկել է հնարավորինս արագ կազմակերպել հանրաքվե այդ հարցով։

Իր հերթին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նման հանրաքվեի համար ներկայում հիմքեր չի տեսնում, քանի որ Հայաստանը դեռևս Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական հայտ չի ներկայացրել։

Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին հայտարարություն են ընդունել նաև ԵԱՏՄ անդամ չորս երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահները։

Միաժամանակ, Հայաստանից հնչող այդ քննարկումների ֆոնին, Ռուսաստանը վերջին օրերին սահմանափակումներ է կիրառել հայկական մի շարք ապրանքների ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից ծաղիկների, ալկոհոլային որոշ խմիչքների, ձկնամթերքի և «Ջերմուկ» հանքային ջրերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակումներ են սահմանվել հայկական մրգերի և բանջարեղենի ներմուծման համար։