4 հունիսի 2026 - 10:38 AMT
Վարդապետյան. Ընտրակաշառքը հանցագործություն է, որի պատիժն ազատազրկումն է

Ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է, անխուսափելի ու խիստ, հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Կոլեգիայի նիստում:

Քննարկվել են հունիսի 7-ին նախատեսված Ազգային ժողովի հերթական ընտրություններին ընդառաջ՝ Գլխավոր դատախազությունում ձևավորված աշխատանքային խմբի կողմից մինչ այժմ իրականացված աշխատանքները։

«Հանցագործություն է ոչ միայն ընտրակաշառք առաջարկելը կամ տալը, այլև ստանալը։ Հանցագործություն է քաղաքացիներին գումար, ծառայություն, նվեր, արտոնություն կամ այլ օգուտ առաջարկելը՝ նրանց ընտրության վրա ազդելու նպատակով։ Հանցագործություն է ընտրության վրա ազդելու նպատակով վարչական ռեսուրսի օգտագործումը: Հանցագործություն է քաղաքական հավաքների կամ ընտրական միջոցառումների մասնակցության համար մարդկանց վճարելը։ Հանցագործություն է ընտրողին նյութապես շահագրգռելը՝ անկախ նրանից, թե այն ինչ անվան տակ է ներկայացվում, օրինակ՝ բարեգործություն։

Ընտրական գործընթացի հետ կապված յուրաքանչյուր հանցագործություն անկախ ներգրավված անձանց քանակից, ընտրակաշառքի չափից, ձևից, ընտրողների կամքի վրա ազդեցության եղանակից, դերակատարներից արժանանում է քրեաիրավական խիստ գնահատականի: Հաջորդիվ մեր աշխատանքը նույն տրամաբանությամբ պետք է շարունակվի: Եվ այս գործընթացի արդյունքը ընտրական հանցագործությունների նկատմամբ «զրո» հանրային հանդուրժողականությունը պետք է լինի», ասել է նա:

Տեղեկացվել է, որ ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Գլխավոր դատախազությունում գործարկվել է թեժ գիծ՝ 010 511-527 հեռախոսահամարով։

Թեժ գծի միջոցով ընտրական գործընթացում ներգրավված բոլոր անձինք և կազմակերպությունները, ինչպես նաև քաղաքացիները, ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցագործությունների վերաբերյալ փաստական տվյալներ ունենալու դեպքում, կարող են դրանք փոխանցել Գլխավոր դատախազություն կամ հաղորդումն ուղարկել Դատախազության պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին, ինչպես նաև անանուն հաղորդում ներկայացնել կայքի միջոցով։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։