
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արման Ծառուկյանը RAF (Real American Freestyle) լիգայում իր հերթական մենամարտն անցկացնելու է Թբիլիսիում։
Հուլիսի 11-ին հայ մարզիկը Վրաստանի մայրաքաղաքում մրցելու է Ղազախստանի ներկայացուցիչ Կուատ Խամիտովի հետ։ RAF-ի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ազատ ոճի ըմբշամարտի կանոններով այս մենամարտը կայանալու է միջին քաշային կարգում, հայտնում է Factor.am-ը:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ 29-ամյա Ծառուկյանը RAF-ում իր առաջիկա մենամարտերը անցկացնելու է UFC-ի նախկին հայտնի մարտիկների հետ։ Հունիսի 13-ին նրա մրցակիցը լինելու է ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնը, իսկ հուլիսի 18-ին՝ Քոլբի Քովինգթոնը։
Արման Ծառուկյանը RAF-ում նորամուտը նշել է այս տարվա հունվարին։ Այդ ընթացքում նա անցկացրել է 5 մենամարտ և գրանցել 5 հաղթանակ։
Խառը մենամարտերի (MMA) շրջանակում Հայաստանի ներկայացուցիչը մասնակցել է 26 հանդիպման՝ ունենալով 23 հաղթանակ և 3 պարտություն։
38-ամյա Կուատ Խամիտովի ակտիվում MMA-ում գրանցվել է 28 հաղթանակ, 8 պարտություն և 2 ոչ-ոքի։