
Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը 3–րդ ժամկետով ընտրվի, դա «կհանգեցնի բռնությունների ավելացմանը, ազատությունների սահմանափակմանը, կլինի դիկտատուրա», հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը կուսակիցների հետ կառավարության շենքի մոտ նախընտրական քարոզարշավի շրջանակում:
«Հիբրիդային այսօրվա կիսաավտորիտար ռեժիմն այդ դեպքում դառնալու է ֆունդամենտալ ավտորիտար ռեժիմ։ Մենք արդեն տեսել ենք, թե 3–րդ ժամկետով ընտրվելն ինչերի կարող է հանգեցնել»,– ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան:
Մարուքյանի խոսքով՝ 2015 թվականին փոփոխված ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ՀՀ ոստիկանապետը վարչապետն է, և այդ պատճառով հենց վարչապետն է կրում հիմնական պատասխանատվությունը այն բռնությունների և հարձակումների համար, որոնք, ըստ նրա, վերջին օրերին իրականացվել են տարբեր քաղաքական ուժերի ակտիվիստների նկատմամբ։
«Սա ընտրովի արդարադատություն է. եթե իշխանության նկատմամբ ինչ–որ բան լինի, թեև իրենց նկատմամբ ոչ մի բան էլ չի եղել, այդ դեպքում արագ արձագանք կա, մինչդեռ երբ խոսքը որևէ ընդդիմադիր ակտիվիստի մասին է, ամիսներով քննում են, ինչ–որ տեսախցիկներ են ման գալիս, որ նայեն, տեսնեն ով է, դեմքը ճշտեն, ֆոտոռոբոտ անեն մինչև այդ գործը փակեն, ծածկադմբոց անեն։ Խստիվ դատապարտում ենք այս գործելաոճը ու պահանջում ենք, որ կարգուկանոնի թիվ մեկ պատասխանատուն այս վայրագությունները հավաքի իր տեղը»,– հայտարարել է նա։
Քաղաքական գործիչը կրկին վստահություն է հայտնել, որ իր ղեկավարած ուժը ներկայացված է լինելու Ազգային ժողովում, և նշել է, որ իրենց մասնակցությամբ կձևավորվի կոմպրոմիսային խորհրդարան և կոմպրոմիսային վարչապետով կառավարում։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։