
Եվրամիությունը Հայաստանի կառավարության և Հայաստանում գործող ընկերությունների հետ համագործակցում է՝ աջակցելու երկրին Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական սահմանափակումների պայմաններում։ Այս մասին ասել է Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հայ արտահանողների հետ Միջազգային առևտրի կենտրոնի կազմակերպած հանդիպման ժամանակ:
«Եվրոպական միությունը չէ, եվրոպական բարեկամները չեն, որ խնդրում են ձեզ ընտրություն կատարել։ Մենք վստահելի գործընկեր ենք, մենք չենք սպառնում, մենք չենք ճնշում, մենք օգնում ենք և ցանկանում ենք վստահ լինել, որ աշխարհի ամենաընդարձակ տնտեսական ցանցի՝ Եվրամիության հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունները շարունակում են աճել և ձեզ (խմբ․՝ Հայաստանին) դարձնում են ապահով»,-ընդգծել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը, հայտնում է Արմենպրեսը:
Դեսպանը նշել է, որ եվրոպական կողմը համատեղ աշխատում է պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ՝ տնտեսական մարտահրավերների հաղթահարման նպատակով։
«Մենք՝ եվրոպացիներս, ձեռք ձեռքի տված աշխատում ենք ՀՀ կառավարության և Հայաստանում գործող ընկերությունների հետ՝ օգնելու հաղթահարել այն ճնշումը, որը դուք զգում եք այսօր»,-ընդգծել է Օլիվիե Դըկոտինյին՝ անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության կողմից վերջին շրջանում հայկական ապրանքների ներմուծման վրա պարբերաբար կիրառվող սահմանափակումներին։
Նրա խոսքով՝ քննարկումներ են իրականացվում ինչպես լոգիստիկ լուծումների, այնպես էլ այն միջոցների շուրջ, որոնց օգնությամբ հնարավոր կլինի ընդլայնել հայկական արտադրանքի մուտքը եվրոպական շուկաներ և բարձրացնել դրանց մրցունակությունն ու ճանաչելիությունը Եվրոպայում։
Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառում հայկական մի շարք ապրանքների ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից ծաղիկների, «Ջերմուկ» հանքային ջրերի, որոշ ալկոհոլային խմիչքների և ձկնամթերքի ներմուծումը։ Սահմանափակումներ են սահմանվել նաև պտուղ-բանջարեղենի և մրգերի համար։
Հունիսի 4-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և հայտարարել, որ ԵՄ-ն Հայաստանի համար պատրաստում է հատուկ աջակցության փաթեթ։ Այդ ծրագրի շրջանակում Հայաստանին հատկացվելու է 50 միլիոն եվրո՝ տնտեսական ճնշումների հետևանքների հաղթահարմանն աջակցելու նպատակով։