
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի կողմից Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը օրենքի մակարդակով ձևակերպելու որոշումը մտահոգիչ է Ռուսաստանի համար։
«Իհարկե, դա մեզ մտահոգել է, եթե ընդունվել է օրենք, և խոսքը պարզապես քննարկումների մասին չէ, այլ օրենքի», - հայտարարել է Պուտինը Սանկտ Պետերբուրգում միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում, հայտնում է Interfax-ը:
Պուտինը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակելու է Հայաստանի հետ պահպանել բնականոն հարաբերությունները՝ անկախ նրանից, թե երկիրն ինչ որոշում կկայացնի իր հետագա զարգացման ուղու վերաբերյալ։
«Բոլորովին վերջերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ անհրաժեշտ է համարում այս հարցի շուրջ հանրաքվե անցկացնել (ԵՄ-ին անդամակցելու հարցով - խմբ.)։ Մենք միայն մեկ խնդրանք ունենք՝ դա անել հնարավորինս արագ։ Եվ վերջ, մենք որևէ պահանջ կամ դժգոհություն չունենք, կպահպանենք բնականոն հարաբերությունները Հայաստանի հետ՝ անկախ նրանից, թե այն որ ճանապարհով կորոշի գնալ», - ասել է Պուտինը։
Նա ընդգծել է, որ որևէ բացասական բան չի տեսնում այն հանգամանքում, որ Նիկոլ Փաշինյանին աջակցող քաղաքական ուժերը կողմնորոշվում են արևմտյան չափանիշներով։
«Քաղաքական ուժերը, որոնք կանգնած են գործող վարչապետի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետևում, վաղուց արդեն բացահայտ կերպով խոսում են այդ մասին և չեն թաքցնում իրենց դիրքորոշումը։ Իրականում այստեղ վատ բան չկա․ նրանք կողմնորոշվում են որոշ արևմտյան, եվրոպական չափանիշներով», - նշել է Պուտինը։
ՌԴ նախագահը հավելել է, որ յուրաքանչյուր ինքնիշխան պետություն, այդ թվում նաև Հայաստանը, իրավունք ունի ինքնուրույն ընտրելու այն առաջնահերթությունները, չափանիշներն ու գործընկերներին, որոնք, իր կարծիքով, կարևոր են երկրի զարգացման, անկախության և ինքնիշխանության ամրապնդման, ինչպես նաև տնտեսության առաջընթացի համար։
«Կարծում եմ, որ յուրաքանչյուր ինքնիշխան պետության, ինչպիսին Հայաստանն է, անշուշտ իրավունքն է ընտրել այն առաջնահերթությունները, արժեքները, չափանիշներն ու գործընկերներին, որոնք, նրա կարծիքով, կարևոր են երկրի զարգացման, անկախության և ինքնիշխանության ամրապնդման, ինչպես նաև տնտեսության համար»։
Պուտինը հիշեցրել է, որ Հայաստանում ընդունվել է հատուկ օրենք, որը վերաբերում է երկրի՝ Եվրամիությանը միանալու գործընթացի մեկնարկին։
«Դա բնական է, այստեղ առանձնահատուկ որևէ բան չկա։ Սակայն Հայաստանը գտնվում է ԵԱՏՄ-ի շրջանակում։ Տարբեր են չափանիշները, գյուղատնտեսության, տրանսպորտի, լոգիստիկայի ոլորտների տեխնիկական կարգավորումները, կան բազմաթիվ հարցեր, որոնք չեն համընկնում», - նշել է Ռուսաստանի նախագահը։
Նրա խոսքով՝ ցանկալի կլիներ, որպեսզի երկարաժամկետ հեռանկարում Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական չափանիշները, լոգիստիկ համակարգերը և տնտեսական զարգացման համար կարևոր բազմաթիվ այլ բաղադրիչներ հնարավորինս համընկնեն։
«Ես շատ կցանկանայի, որ պատմական հեռանկարում այս բոլոր տեխնիկական չափանիշները, լոգիստիկան և բազմաթիվ այլ՝ առաջին հայացքից ձևական, սակայն տնտեսության զարգացման համար չափազանց կարևոր հարցեր, համընկնեին թե՛ Եվրամիությունում, թե՛ Եվրասիական տնտեսական միությունում: Այդ դեպքում դա իսկապես մեծ, հսկայական տնտեսական տարածք կլիներ, ինչպես ժամանակին Դը Գոլն էր ասում՝ Լիսաբոնից մինչև Ուրալ, իսկ իրականում՝ մինչև Վլադիվոստոկ, սակայն ներկայումս դա հնարավոր չէ իրականացնել, տեխնոլոգիական տեսանկյունից այժմ դա հնարավոր չէ», - ասել է Պուտինը։
2025թ․ դեկտեմբերի 2–ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով՝ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։