5 հունիսի 2026 - 16:45 AMT
Լևոն Քոչարյան. 10–20 տարի առաջվա սխալը թող պատճառ չդառնա Արցախը հանձնողին ընտրելու համար

«Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ ներկայիս իշխանությունների գոյությունը նաև նախկինում թույլ տրված սխալների հետևանքն է, սակայն այդ հանգամանքը չպետք է ազդի քաղաքացիների այսօրվա ընտրության վրա։ Նա այդ մասին ասել է «Դինամո» մարզադաշտում կայացած դաշինքի ամփոփիչ նախընտրական հանդիպման ժամանակ:

Նա կոչ է արել թույլ չտալ, որ 10-20 տարի առաջ կատարված սխալները պատճառ դառնան այսօրվա ընտրության ժամանակ աջակցելու այն ուժերին, որոնք հանձնեցին Արցախը, հայտնում է Sputnik Արմենիան:

«Այսօր ես իմ խոսքն ուզում եմ ուղղել այն հայրենակիցներին, որոնք մեզ չեն սիրում, չեն ընդունում ու չեն պատրաստվում քվեարկել մեզ համար, ինչու չէ նաև նրանց, ովքեր ամեն ինչից ու բոլորից հիասթափված՝ չեն պատրաստվում մասնակցել ընտրությունների։ Սիրելի՛ հայրենակից, ես գիտեմ, որ ձեզնից յուրաքանչյուրն ունի իր պատճառը մեզ չընդունելու․ մի դեպքում դա կարող է լինել գաղափարական տարբերությունը, մյուս դեպքում՝ նախկինում գործած մեր սխալները, իսկ ավելի շատ դեպքերում՝ տարիներ շարունակ քո գիտակցության վրա գործած մանիպուլյացիաները։ Մենք կարող ենք տարբեր կերպ պատկերացնել մեր երկրի ապագան, ու սա նորմալ է։ Նախկինում մեր արդյունավետ աշխատանքին զուգահեռ նաև ունեցել ենք բացթողումներ, սխալներ, որոնց համար ես խորապես ցավում եմ, որովհետև կարծում եմ՝ նաև այդ սխալների ծնունդն է այսօրվա ապազգային իշխանությունը»,- հայտարարել է Քոչարյանը։

Նրա գնահատմամբ՝ նախկինում բավարար պայքար չի տարվել ստի և կեղծիքի դեմ, ինչի հետևանքով բազմաթիվ կարծիքներ արմատավորվել են հանրային գիտակցության մեջ։

«Մի՛ թող, որ քո զայրույթն օգտագործեն երկիրը կործանելու համար»,- ասել է Լևոն Քոչարյանը՝ միաժամանակ խոստանալով անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի քաղաքացիները հետագայում նման հիասթափությունների պատճառներ չունենան։

Նա նաև համոզմունք է հայտնել, որ այն քաղաքացիները, որոնք դեռ շարունակում են վստահել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ժամանակի ընթացքում կվերանայեն իրենց դիրքորոշումը, իսկ, իր կարծիքով, պատասխանատվության հարցը հետագայում կդառնա օրակարգային։

Ելույթի ավարտին Լևոն Քոչարյանը դիմել է նաև իր հորը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ նշելով, որ վերջինիս հասցեին երկար տարիներ տարբեր մեղադրանքներ և գնահատականներ են հնչել, սակայն ինքը սեփական տեսակետն ունի։

«Ուզում եմ ասել՝ պա՛պ ջան, ես քեզնով հպարտ եմ»,- ասել է Լևոն Քոչարյանը։

Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 17 կուսակցություն և 2 դաշինք։ Ավելի ուշ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, ինչից հետո ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել այդ քաղաքական ուժի ընտրական ցուցակի գրանցումը։ Արդյունքում առաջիկա ընտրություններում 13 համարով քվեաթերթիկ չի լինելու։