
ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի նախնական հանգամանքները, որի ընթացքում արձանագրվել է նաև վրաերթ։
Ավելի վաղ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված Սոնա Աղեկյանը հայտնել էր, որ իրենց քարոզարշավի մասնակիցները վրաերթի են ենթարկվել ավտոմեքենայի կողմից, որը, նրա պնդմամբ, դեպքից հետո հեռացել է։
Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ հունիսի 5-ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնը ահազանգ է ստացել, որ Երևանի Ներքին Չարբախ 7-րդ փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել։
«Ահազանգից կարճ ժամանակ անց համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում մի տղամարդ հաղորդում է տվել, որ իրեն են մոտեցել քաղաքական ուժերից մեկի աջակիցները, առաջարկել նախընտրական ծրագրի բուկլետ, նա հրաժարվել է վերցնել, ինչից հետո սկսվել է վիճաբանություն, և նրան հարվածներ են հասցրել։ Նա մեքենայով փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում վրաերթ է տեղի ունեցել։ Համայնքային ոստիկանության բաժնում տղամարդը հայտնել է նաև, որ չի հարում որևէ քաղաքական ուժի»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնը տեղեկություն է ստացել նաև բժշկական կենտրոններից մեկից, որտեղ հայտնել են, որ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձ։
Ոստիկանության տվյալներով՝ դեպքի առնչությամբ իրականացվում են ստուգողական գործողություններ, իսկ ստացված հաղորդումները փոխանցվում են նախաքննական մարմնին։