
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջին համարի թեկնածու Նարեկ Կարապետյանը քվեարկել է հանուն «մեծ փոփոխության ու վերակառուցվող Հայաստանի»:
Տաշիրում իր քվեն տալուց հետո «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը ներկայացրել է իր պատկերացումները երկրի զարգացման, հասարակական համերաշխության և ընտրություններին մասնակցության կարևորության վերաբերյալ, հայտնում է Factor.am-ը:
«Քվեարկեցի հանուն մեր երկրում մեծ փոփոխության ու վերակառուցվող Հայաստանի։ Այնպիսի Հայաստանի, որտեղ հայերը հիմնականում զբաղված են իրենց երկիրը վերակառուցելով և ոչ թե իրար վատություն անելով, իրար հետ կռվելով, հակադրվելով։ Վերակառուցենք, վերջապես թոթափենք մեր վրայից այս հակադրությունների ընդհանուր ֆոնը և սկսենք մեր երկիրը սարքել լուրջ, զարգացող, ակտիվ երկիր, ոչ թե հակադրություններով մեզ զբաղեցնենք ու բոլորս իրար կյանքը դժվարացնենք։ Նաև այնպիսի ուժեղ երկիր, որ վաղը չէ մյուս օրը, մյուս սերունդները է՛լ ավելի ուժեղացնեն, և ոչ թե նույն խնդրի առաջ կանգնենք։ Այսինքն՝ այս դասարանը փոխենք»,- ասել է նա:
Արտասահմանից ժամանած լրատվամիջոցներից մեկի հարցին, որը վերաբերել է կուսակցության հասցեին հնչող ռուսական միջամտության մասին պնդումներին, Կարապետյանը պատասխանել է, որ նման մեղադրանքներ չկան:
«Ոչ մի մեղադրանք չկա… մեր կուսակցությունում նման մեղադրանքներ չկան։ Բայց մեծ հարց կա՝ արդյոք կա՞ն մեղադրանքներ «Քաղաքացիական պայմանագրի» և Թուրքիայի միջև։ Մենք պետք է դա ստուգենք։ Եթե մեր քաղաքացիները ժամանակ չեն տրամադրում, որ գնան ընտրության, նրանց տեղը, նրանց ճակատագիրը որոշվում է այլ ձևով։ Եթե ուզում ես քո ճակատագիրը որոշես՝ հինգ տարվա քո ճակատագիրը, ընդհանուր երկրի զարգացման, ուղղակի 10-15 րոպե, ոչ մի դժվարություն։ Գալիս ես, մտնում ես, դուրս ես գալիս։
Դրա համար մեր հասարակությունը հիմնական մի կարևոր գործ ունի այսօր՝ բոլորը գնան ընտրեն իրենց ցանկությամբ, բայց մասնակցեն ընտրության։ Դա շատ կարևոր է։ Մասնակցեն ընտրության, որովհետև դա է այս պարագայում երկրում ամենակարևոր մեր քաղաքացիական դիրքորոշումը, պայքարի ձևը, թեկուզ ապագայի տեսլականը։ Մասնակցե՛ք ընտրության, մինչև այս եղած բոլոր քայլերից դուք հետևություններ արեք և մասնակցեք, սիրելի հայրենակիցներ։ 10-15 րոպե է»,-ասել է Կարապետյանը:
Անդրադառնալով նաև այն տեղեկություններին, համաձայն որոնց արտերկրից, հատկապես Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիներին կարող են չթույլատրել լքել Հայաստանը և ուղարկել վարժական հավաքների՝ նա նշել է, որ նման տեղեկությունները տեղեկատվական հնարքներ են և նպատակ ունեն նվազեցնել ընտրական գործընթացում քաղաքացիների մասնակցությունը։
«Բոլոր Հայաստանի քաղաքացիներն իրավունք ունեն ընտրություններին մասնակցել, դա իրենց սահմանադրական իրավունքն է, ոչ մեկ իրավունք չունի խոչընդոտելու։ Իշխանությունն ուզում է այնպես անել, որ քիչ մարդ մասնակցի ընտրություններին։ Երբ որ մեր բոլոր հայրենակիցները մեծ մասամբ մասնակցեն ընտրություններին, դա է լինելու իսկական կամարտահայտությունը։ Դա ևս մի ապացույց է, որ ցանկանում են, որ քիչ մարդ մասնակցի։ Բոլորս մասնակցենք, մեր կարծիքը հայտնենք և այդ ժամանակ տեսնենք մեր ժողովրդի իրական կարծիքը, բոլորը կտեսնեն»,-ասել է Կարապետյանը:
ՀՀ-ում մեկնարկել են Ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Հանրապետության 2005 ընտրատեղամասերն առավոտյան ժամը 08:00-ից սկսել են աշխատանքը։ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2,485,851 ընտրող։ Ընտրատեղամասերը գործելու են մինչև 20:00-ն։
ԱԺ ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 կուսակցությունների դաշինք և 16 կուսակցություն։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, իսկ դաշինքների՝ 8%։