7 հունիսի 2026 - 10:50 AMT
Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով

Գլխավոր դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել միջնորդություններ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով։ Այս մասին տեղեկացրել են Գլխավոր դատախազությունից, հայտնում է Factor.am-ը:

Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել էր դատախազություն՝ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով ԿԸՀ համապատասխան միջնորդություն ներկայացնելու համար։

Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ «իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, ինչպես նաև նույն կուսակցության պատգամավորի թեկնածու գրանցված Դ. Ղ.-ն, կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք»։

ՀՀ-ում մեկնարկել են Ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Հանրապետության 2005 ընտրատեղամասերն առավոտյան ժամը 08:00-ից սկսել են աշխատանքը։ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2,485,851 ընտրող։ Ընտրատեղամասերը գործելու են մինչև 20:00-ն։

ԱԺ ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 կուսակցությունների դաշինք և 16 կուսակցություն։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, իսկ դաշինքների՝ 8%։