7 հունիսի 2026 - 11:31 AMT
ԿԸՀ նախագահ. Գիշերը ձերբակալվել են հանձնաժողովի 2 նախագահ և 1 քարտուղար

Գիշերը ձերբակալվել են հանձնաժողովի 2 նախագահ և 1 քարտուղար, հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու որոշ ընտրատեղամասերում ներկա չեն հանձնաժողովների նախագահներն ու մյուս անդամները։

ՀՀ ամբողջ տարածքում գործող 2005 ընտրատեղամասերից 48-ում ընտրական հանձնաժողովների 50 անդամ բացակայում է, հայտնում է Sputnik Արմենիան:

«Բոլոր տեղամասերն առավոտյան 7–ից սկսել են իրենց աշխատանքը, և բոլորը ժամը 8–ից սկսել են ընդունել ընտրողներին։ Ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ հանձնաժողովի որևէ անդամ չի ներկայանում տեղամաս, եթե 8-ից 7-ը ներկա է, ապա համալրման կարիք կարող է չլինել։ Օրինակ` 2 նախագահի և 1 քարտուղարի բացակայությունը քրեաիրավական գործընթացով է պայմանավորված։ Գիշերը նրանք ձերբակալվել են։ Դեպք էլ ունենք, որ հանձնաժողովի նախագահի մայրն է գիշերը մահացել։ Խնդիրը մարդկային գործոնի հետ է կապված»,– ասել է Հովակիմյանը։

Նա ընդգծել է, որ որոշ ընտրատեղամասերում արձանագրվել են նաև տեխնիկական բնույթի խնդիրներ։ Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ սարքը տպագրել է կտրոնը, ընտրողի հերթական համարը նշվել է, սակայն ցուցակում առկա տվյալներից մեկ կամ երկու նիշով տարբերվել է։ Նման իրավիճակներում հանձնարարական է տրվել, որպեսզի ընտրողը ստորագրի իր անվան դիմաց։

ԿԸՀ նախագահը վստահեցրել է, որ ստացվող ահազանգերով զբաղվում են և փորձում են համապատասխան լուծումներ տալ դրանց։

Factor.am-ը հայտնել է, որտեղամասային հանձնաժողովի քարտուղարն ու նախագահները Գյումրու ընտրատեղամասերից են, նրանք ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ընտրակաշառքի գործի շրջանակներում:

Հայաստանում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ։ Ընտրապայքարին մասնակցում է 18 քաղաքական ուժեր՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ Քվեարկության իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի։