7 հունիսի 2026 - 12:12 AMT
ՀԿԿ․ Լոռու մարզում ընտրակաշառքի գործով կան ձերբակալվածներ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուն Ազգային ժողովի ընտրություններում հիշյալ դաշինքի օգտին քվեարկելու պայմանով Լոռու մարզի մի շարք բնակիչների ընտրակաշառք է տվել։

Դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, իրականացվել են խուզարկություններ և կատարվել վարութային այլ գործողություններ։

ՀՀ-ում մեկնարկել են Ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Հանրապետության 2005 ընտրատեղամասերն առավոտյան ժամը 08:00-ից սկսել են աշխատանքը։ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2,485,851 ընտրող։ Ընտրատեղամասերը գործելու են մինչև 20:00-ն։

ԱԺ ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 կուսակցությունների դաշինք և 16 կուսակցություն։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, իսկ դաշինքների՝ 8%։