
«Հայաստան» դաշինքը պատրաստ է աջակցել առավել շատ ձայներ ստացած ընդդիմադիր թեկնածուին, վերահաստատել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը, որը կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ մասնակցել է քվեարկությանը Երևանի 7/3 ընտրատեղամասում։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհեռանա իշխանությունից, եթե ժողովուրդը նման որոշում կայացնի, նա պատասխանել է. «Եթե չգնա, շատ վատ է ավարտվելու», հայտնում է Aysor. am-ը:
Հետագա պարզաբանման ընթացքում Քոչարյանը նշել է, որ յուրաքանչյուր մարդ կարող է իր պատկերացումների շրջանակում մեկնաբանել այդ խոսքերի իմաստը։
Քոչարյանը հավելել է, որ քվեարկել է հանուն Հայաստանի՝ ազգային ինքնության, պաշտպանված, անվտանգ, բարեկեցիկ երկրի:
Նա բարձր է գնահատել ընդդիմության հնարավորությունները և նշել, որ երկրի քաղաքական կյանքում լուրջ փոփոխություններ են սպասվում։
«Իսկապես ռադիկալ փոփոխություններ լինելու են։ Անցած անգամ, ուղղակի, մեր մանդատները բավարար չէին նպատակի հասնելու համար և եղել ենք ընդդիմություն, պայքարել ենք, ոչ մի տեղ չենք նահանջել»,-ասել է նա:
ՀՀ երկրորդ նախագահը նաև պնդել է, որ երկրում իրականացվում են լայնածավալ գաղտնալսումներ։
«Եթե հաշտ եք այդ մտքի հետ, եթե ուրիշները հաշտ են այդ մտքի հետ, թող քվեարկեն այն ուժի համար, որը այս մթնոլորտը ստեղծեց։ Տեղաշոր են մտնում, խոհանոց են մտնում. խայտառակություն էր, այսպիսի բան չեմ հիշում, որ հարյուրավոր ընդդիմադիրների վրա քրեական գործեր, տնային կալանքներ լինեն»,-ասել է նա:
ՀՀ-ում մեկնարկել են Ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Հանրապետության 2005 ընտրատեղամասերն առավոտյան ժամը 08:00-ից սկսել են աշխատանքը։ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2,485,851 ընտրող։ Ընտրատեղամասերը գործելու են մինչև 20:00-ն։
ԱԺ ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 կուսակցությունների դաշինք և 16 կուսակցություն։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, իսկ դաշինքների՝ 8%։