
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարում է, որ դիմելու է վերահաշվարկի համար, օգտագործելու է իրավական բոլոր գործիքակազմերը և հետամուտ է լինելու ընտրախախտումների բացահայտմանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը:
«Նախորդ օրվա երեկոյից ականատես ենք լինում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստացած քվեների հետ կապված տարատեսակ թվաբանական աճպարարությունների։ Քվեների հաշվարկի ընթացքում ԿԸՀ կայքում արտացոլվում էր մեկ թիվ, իսկ յուրաքանչյուր հաջորդ թարմացման հետ հայտնվում էր այլ թիվ, ընդ որում՝ նվազած»,-գրել է նա:
Տոնոյանը հավելել է, որ ներկայումս վերջնականացվում են այն ընտրատեղամասերը, որոնցում պահանջվելու է վերահաշվարկ, ինչպես նաև քննարկվում են առանձին որոշումներ և գործողություններ բողոքարկելու հիմքերը։
«Ընդ որում, նշվածը որևէ կերպ չի բացառում նաև ընտրությունների արդյունքների բողոքարկումը՝ հաշվի առնելով ընտրախախտումների այն հսկայական ծավալը, որին ականատես ենք եղել ամբողջ ընտրական գործընթացում»,-ասվում է գրառման մեջ:
Ըստ նախնական տվյալների քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Այս թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ ԲՀԿ-ն 4 տոկս է հավաքել:
Ավելի ուշ ԿԸՀ նախագահն ասել է, որ Դեռ հստակ պատկեր չկա՝ 4, թե 3 քաղաքական ուժ է մասնակցելու մանդատների բաշխմանը: