8 հունիսի 2026 - 16:13 AMT
Միրզոյան․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ին 2025-ին անդամավճար չի փոխանցել

Հայաստանը 2025 թվականի համար ՀԱՊԿ–ին անդամավճար չի փոխանցել, հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում «2025 թ. ՀՀ պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում:

«Պարզ պատճառով՝ մենք կազմակերպության գործունեությանը մեր մասնակցությունը չեն ունեցել»,- նշել է նա, գրում է Sputnik Արմենիան:

Նրա խոսքով՝ Հայաստանն անդամավճարներ է փոխանցում 113 միջազգային կազմակերպությունների, ծրագրերի և կոնվենցիաների։ 2025 թվականին փոխանցումներ են կատարվել 101 կազմակերպության, իսկ մնացած կառույցներից համապատասխան հայտ չի ստացվել։

Արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստանը ՀԱՊԿ-ին անդամավճար չի փոխանցում։

2024-ի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին: Փաշինյանը մարտի 12-ին չէր բացառել, որ Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից, եթե կազմակերպությունը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին՝ որն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանի տարածքում։ ՀԱՊԿ-ը պատասխանել էր, որ իր պատասխանատվության գոտին Հայաստանում համարում է երկրի ինքնիշխան տարածքը։ Փաշինյանը հունիսի 14-ին Ազգային ժողովում հայտարարել էր, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է կազմակերպությունից դուրս գալը։

Սեպտեմբերի 18-ին նա նշել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում մոտեցել է անդառնալի կետի։ Նրա գնահատմամբ՝ կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։ Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը շեշտել էր, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, և որ կառույցի նպատակը անդամ պետությունների ինքնիշխանության պաշտպանությունն է։