27 հունիսի 2009 - 19:22 AMT
Ոստիկանությունը փորձում է կոծկել Հրանտ Դինքի սպանության կազմակերպչին
Նախքան հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործն ուղարկելը Տրապիզոնի ոստիկանությունը մեղմացրել է հայտարարությունների ձեւակերպումները:
Մասնավորապես, «Յասին Հայալն ամեն գնով կսպաներ Հրանտ Դինքին» նախադասությունը փոխարինվել է «Յասին Հայալը ծրագրում էր նման գործողություններ իրականացնել Հրանտ Դինքի դեմ»:
Հաղորդագրությունն այն մասին, որ Յասին Հայալը պատրաստվում է մահափորձ կատարել Հրանտ Դինքի հանդեպ, Տրապիզոնի ոստիկանական բաժանմունքում ստացան 2006թ. փետրվարի 16-ին եւ 2 օչ անց ավելի քան մեղմ ձեւակերպմամբ ու Տրապիզոնի ոստիկանության բաժնի ղեկավար Ռամզան Աքյուրեքի ստորագրությամբ ուղարկվեց Ստամբուլի Ոստիկանության բաժին:
Վարչապետին կից տեսուչների խորհրդի կողմից նախապատրաստված զեկույցում Աքյուրեքին պարտականությունները չկատարելու մեղադրանքն ներկայկացվեց: Զեկույցը արժանացավ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավանությանը:
Աքյուրեքի ստորագրած զեկույցը ներառում է նաեւ Էրհան Թունջելի ցուցմունքները:
Թունջելի խոսքով, Հայալն իրեն ասել էր, որ «Դինքն ու «Ակոս» թերթը վարկաբեկում են Թուրքիայի կերպարը», ինչն էլ սպանության ծրագրավորման պատճառն էր:
Թունջելի ցուցմունքներում ասվում է. «Ես համոզված էի, որ Հայալը կանի այն, ինչ կանխամտածել էր, չնայած, որ ես նրան խորհուրդ էի տալիս չանել դա: Հայալն ինձ ասաց, որ կսպանի այդ մարդուն, ինչ գնով էլ որ լինի», գրում է Hurriyet Daily News-ը:
Հրանտ Դինքը սպանվեց 2007թ. հունվարի19-ին Ստամբուլում «Ակոս» թերթի խմբագրության շենքի դիմաց: Այդ գործով ձերբակալվել է 18 հոգի` հիմնականում Տրապիզոնից:
Հանցագործության կազմակերպման մեղադրանքը ներկայացվեց 26-ամյա Յասին Հայալին, որ մարդասպան Օգյուն Սամաստին զենք ու գումար էր տրամադրել: Հուլիսի 6-ին կկայանա այդ գործով տասերորդ լսումը: