
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցում միջադեպերի ռիսկերը նվազեցնելու նպատակով կապի ուղի գործարկելու, ինչպես նաև բանակցային գործընթացի հետագա ձևաչափը հստակեցնելու շուրջ։ Այդ մասին հունիսի 22-ին X սոցիալական ցանցում հայտնել է Կատարի ԱԳՆ-ն, որը Շվեյցարիայում անցկացվող բանակցություններում հանդես է եկել որպես միջնորդ։ Բանակցությունների հերթական փուլն ավարտվել է։
«Փոխըմբռնման հուշագրի 5-րդ կետում նշված ժամանակահատվածի համար կողմերի միջև հաստատվել է կապի գիծ՝ միջադեպերն ու թյուրըմբռնումները կանխելու նպատակով, ինչը կոչված է ապահովելու առևտրային նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով», - նշվում է գերատեսչության հայտարարության մեջ, գրում է Deutsche Welle-ն:
Գերատեսչության տվյալներով՝ միջնորդական գործընթացը վերահսկելու համար ստեղծված բարձր մակարդակի կոմիտեն համաձայնեցրել է «ճանապարհային քարտեզը»՝ 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու նպատակով։ Այդ քայլը նաև հիմք է ստեղծել տեխնիկական բանակցություններն անհապաղ շարունակելու համար։
Բացի այդ, կողմերը համաձայնության են եկել կարգավորման խմբի ստեղծման շուրջ, որի կազմում ընդգրկվելու են Իրանի, ԱՄՆ-ի և Լիբանանի ներկայացուցիչներ՝ միջնորդների աջակցությամբ։ Խմբի հիմնական նպատակը Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման համար անհրաժեշտ պայմանների ապահովումն է՝ համաձայն Հուշագրի դրույթների։
«Բոլոր հարցերի շուրջ տեխնիկական բանակցությունները կշարունակվեն մինչև շաբաթվա վերջ», նշել են Կատարի ԱԳՆ-ում՝ հավելելով, որ դրանք անցկացվելու են Շվեյցարական Ալպերում գտնվող Բյուրգենշտոկ առողջարանային գոտում՝ Լյուցեռնից ոչ հեռու։
Կատարը և Պակիստանը երախտագիտություն են հայտնել Վաշինգտոնին ու Թեհրանին՝ դիվանագիտությանն ու հակամարտության խաղաղ կարգավորմանը շարունակական նվիրվածության համար։ Միջնորդները նաև բարձր են գնահատել բարեկամ երկրների աջակցությունն ու բանակցային գործընթացում ունեցած արժեքավոր ներդրումը։
«Լյուցեռնի լճի ափին կայացած գագաթնաժողովն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում։ Արձանագրվել է հուսադրող առաջընթաց», - նշել են Կատարի արտաքին գործերի նախարարությունում։
Նախատեսվում է, որ գլխավոր բանակցողները պարբերաբար հաշվետվություն են ներկայացնելու բարձր մակարդակի կոմիտեին և ղեկավարելու են աշխատանքային խմբերը, որոնք զբաղվելու են միջուկային հարցերով, պատժամիջոցներով, ինչպես նաև մոնիթորինգի և վեճերի կարգավորման խնդիրներով՝ Հուշագրի արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում ձեռք բերված պայմանավորվածությունները բնութագրել է որպես «մեծ հաջողություն»՝ Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման ճանապարհին։
Բանակցություններից առաջ Թեհրանը հայտարարել էր Հորմուզի նեղուցը կրկին փակելու մասին՝ Լիբանանում Իսրայելի շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին։ Իրանի զինված ուժերի համատեղ հրամանատարությունը հունիսի 20-ին հայտարարել է, որ նեղուցը փակվել է ԱՄՆ-ի կողմից «ստանձնած պարտավորությունների ակնհայտ խախտման» պատճառով, քանի որ, Թեհրանի պնդմամբ, Վաշինգտոնը չի դադարեցրել պատերազմը։
Հունիսի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր, որը երկարաձգել է ապրիլին հայտարարված հրադադարը։ Փաստաթուղթը, ի թիվս այլ դրույթների, նախատեսել է նաև նախկինում փակված Հորմուզի նեղուցի վերաբացումը։ Հետագա բանակցությունների համար կողմերը սահմանել են 60-օրյա ժամկետ։