22 հունիսի 2026 - 12:22 AMT
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը ՀՀ-ից

Վրաստանը մայիսին Հայաստանից ներմուծել է 218․2 տոննա ծաղիկ, ինչը ռեկորդային ամսական ցուցանիշ է, հայտնում է Արմենպրեսը:

Վրաստանի վիճակագրության ծառայության տվյալների համաձայն՝ այս տարվա մայիսին Վրաստանի կողմից Հայաստանից ծաղիկների ներմուծման ծավալներն ավելացել են 2․9 անգամ՝ կազմելով 218․2 տոննա։ 2026 թվականի ապրիլի համեմատ մայիսին Հայաստանից ծաղիկների ներմուծումն աճել է 89 տոկոսով՝ հասնելով ռեկորդային ցուցանիշի։ Նախորդ ռեկորդն արձանագրվել էր այս տարվա մարտին՝ 128․9 տոննա։

Նշվում է, որ Հայաստանից ներկրված ծաղիկները չեն վերաարտահանվում։ Գերատեսչության տվյալներով՝ անցած ամիս Վրաստանն այդ կատեգորիայի ապրանք չի արտահանել համաշխարհային շուկա։

Ընդհանուր առմամբ, մայիսին Վրաստանը ներմուծել է 341․7 տոննա ծաղիկ։ Բացի Հայաստանից Վրաստանին ծաղիկներ են մատակարել Էդկվադորը, Նիդեռլանդները, Քենիան, Թուրքիան, Չինաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը և Իտալիան։