23 հունիսի 2026 - 11:50 AMT
Կառավարության անդամների երդման տեքստը կփոխվի

Քննարկման է ներկայացվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով կփոփոխվի կառավարության անդամների երդման տեքստը: Նախագիծը ներկայացրել է արդարադատության նախարարությունը։

Հիմնավորման մեջ նշվել է, որ առաջարկվող փոփոխության արդյունքում երդման տեքստում ավելի հստակ կարտացոլվեն պետականության ամրապնդման, հանրային և պետական շահերի պաշտպանության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու հարատևությանն ուղղված արժեքները, գրում է Արմենպրեսը:

Նախագծով առաջարկվել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ։

Առաջարկվող տարբերակով լիազորություններն ստանձնած կառավարության անդամները կտան հետևյալ երդումը. «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, ինքնիշխանության և զարգացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել Կառավարության անդամի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ի շահ ներկա ու ապագա սերունդների։»

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է, որ կառավարության անդամների տված երդումն ավելի ամբողջական ձևով կարտացոլի պաշտոնը ստանձնելու հետ կապված պատասխանատվության շրջանակը և պետական իշխանության հիմքում դրված հիմնարար արժեքները։

Փաստաթղթով նախատեսվել է, որ օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Նախագծի հեղինակներն են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը և Հասմիկ Հակոբյանը:

Այժմ երդման հետևյալ տեքստն է․ «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ՝ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:

Տեքստից կհանվեն «հանուն համազգային նպատակների իրականացման», «ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար» ձևակերպումները: