
Սևծովյան առևտրի և զարգացման բանկը՝ BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) և առևտրի հետ կապված գործունեության աջակցման նպատակով։ Փաթեթը ներառում է 9 միլիոն եվրոյի վարկ՝ ՓՄՁ-ների ֆինանսավորման համար, ինչպես նաև 1 միլիոն եվրոյի առևտրի ֆինանսավորման կարճաժամկետ վերականգնվող վարկային գիծ։
Գործարքը նշանավորում է BSTDB-ի և IDBank-ի միջև համագործակցության մեկնարկը և արտացոլում հայկական բիզնեսի համար ֆինանսավորման հասանելիության ընդլայնմանն ուղղված կողմերի հանձնառությունը։
Միավորելով ՓՄՁ-ների ֆինանսավորումն ու առևտրի ֆինանսավորման աջակցությունը՝ գործընկերությունը նպատակ ունի նպաստել Հայաստանում մասնավոր հատվածի զարգացմանն ու տնտեսական աճին:
Ֆինանսավորումը հնարավորություն կտա IDBank-ին ընդլայնել հայաստանյան ՓՄՁ-ներին տրամադրվող վարկավորումը և աջակցել ներմուծման ու արտահանման համապատասխան գործարքներին՝ նպաստելով մասնավոր հատվածի զարգացմանն ու անդրսահմանային առևտրին։ ՓՄՁ-ները կարևոր դեր ունեն Հայաստանի տնտեսությունում, իսկ ֆինանսավորման հասանելիության բարելավումը բիզնեսի զարգացման և նոր աշխատատեղերի ստեղծման առանցքային նախապայմաններից է։
«Ֆինանսավորման հասանելիությունը շարունակում է առանցքային նշանակություն ունենալ ՓՄՁ-ների աճի և մրցունակության համար։ Մենք ուրախ ենք ընդլայնել մեր ներկայությունը Հայաստանում՝ համագործակցություն սկսելով IDBank-ի հետ և աջակցելով հայկական բիզնեսներին այնպիսի ֆինանսավորմամբ, որը կխթանի առևտուրը և կնպաստի կայուն տնտեսական գործունեությանը», — նշել է BSTDB-ի նախագահ, դոկտոր Սերհաթ Քյոքսալը:
«IDBank-ը շարունակում է ընդլայնել համագործակցությունը հեղինակավոր միջազգային ֆինանսական կառույցների հետ, և BSTDB-ի հետ գործընկերությունը համահունչ է հայկական բիզնեսին միջազգային ֆինանսական ռեսուրսների ավելի լայն հասանելիություն ապահովելու մեր ռազմավարական նպատակին։ ՓՄՁ-ների ֆինանսավորման ծրագիրը կնպաստի հայկական ձեռնարկությունների աճի, շրջանառու միջոցների և ներդրումային կարիքների ֆինանսավորմանը, իսկ առևտրի ֆինանսավորման գործիքը կընդլայնի IDBank-ի հնարավորությունները՝ աջակցելու կորպորատիվ հաճախորդների ներմուծման և արտահանման գործարքներին։ Ընդհանուր առմամբ, համագործակցությունը համապատասխանում է IDBank-ի հաճախորդակենտրոն մոտեցմանը և իրական տնտեսության ու միջազգային առևտրի զարգացմանն աջակցելու մեր առաքելությանը», — նշել է IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։
ՓՄՁ-ների ֆինանսավորման ծրագիրը հայկական ընկերություններին կտրամադրի միջնաժամկետ ֆինանսավորում՝ աջակցելով ներդրումներին, արդիականացման ծրագրերին և շրջանառու միջոցների կարիքներին տնտեսության արտադրողական ոլորտներում։ Առևտրի ֆինանսավորման գործիքը կօգնի ընկերություններին ապահովել առևտրային հոսքերի շարունակականությունը և ամրապնդել իրենց հասանելիությունը տարածաշրջանային և միջազգային շուկաներին։
IDBank-ը Հայաստանում գործող առևտրային բանկ է, որը ֆիզիկական անձանց, ՓՄՁ-ներին և կորպորատիվ հաճախորդներին տրամադրում է ֆինանսական ծառայությունների լայն շրջանակ։ Բանկը հատուկ ուշադրություն է դարձնում թվային բանկինգի, վճարային լուծումների և նորարարական ֆինանսական ծառայությունների զարգացմանը և գործում է ID Group էկոհամակարգի շրջանակում։
Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (BSTDB) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է Ալբանիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի կողմից։ BSTDB գլխամասային գրասենյակը գտնվում է Սալոնիկում (Հունաստան)։ BSTDB-ն աջակցում է տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային համագործակցությանը` տրամադրելով վարկեր, վարկային գծեր, կապիտալ և երաշխիքներ իր անդամ երկրների պետական և մասնավոր հատվածների նախագծերի ու առևտրի ֆինանսավորման համար: Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 3,45 միլիարդ եվրո։ BSTDB-ի մասին լրացուցիչ տեղեկություններ հասանելի ենկայքում։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: