24 հունիսի 2026 - 12:28 AMT
Լևոն Մնացականյանն ու մյուսները Բաքվի դատարանում հայտարարել են, որ չեն ճանաչում իրենց մեղավոր

Հունիսի 23-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի և մյուսների վերաքննիչ բողոքների քննությունը։

Նիստի սկզբում խոսքը տրվել է Լևոն Մնացականյանին։ Նա շարունակել է մեկ շաբաթ առաջ սկսած իր պաշտպանական ելույթը և ներկայացրել իր դիտարկումները։ Մնացականյանը դատարանին խնդրել է որոշում կայացնելիս հաշվի առնել մեղադրող կողմի ներկայացրած տեսանյութերը և դրանցում ներկայացված փաստերը։ Միաժամանակ նա հայտարարել է, որ իրեն առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչում, հայտնում է APA-ն:

Այնուհետև ելույթ է ունեցել Էրիկ Ղազարյանի շահերը ներկայացնող փաստաբանը։ Նա նշել է, որ իր պաշտպանյալը ներկայացրել է վերաքննիչ բողոք և շարունակում է պնդել այն։ Դրանից հետո խոսել է նաև Էրիկ Ղազարյանը՝ հայտարարելով, որ իրեն մեղավոր չի համարում և միանում է իր փաստաբանի դիրքորոշմանը։

Հաջորդիվ հանդես է եկել Գարիկ Մարտիրոսյանի պաշտպաններից մեկը՝ հայտարարելով, որ անհրաժեշտ է մեղմացնել իր պաշտպանյալի նկատմամբ առաջադրված մեղադրանքները։ Մարտիրոսյանի մյուս փաստաբանը ևս խնդրել է մեղմացնել նրա նկատմամբ սահմանված պատիժը և մեղադրանքից հանել որոշ հոդվածներ։ Այնուհետև ելույթ է ունեցել Գարիկ Մարտիրոսյանը, որը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում։

Լևոն Բալայանի փաստաբանը դատարանին խնդրել է իր պաշտպանյալի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնել։ Լևոն Բալայանը հայտարարել է, որ համաձայն է իր փաստաբանի ներկայացրած դիրքորոշմանը։

Գուրգեն Ստեփանյանի շահերը ներկայացնող փաստաբանը դատարանին խնդրել է բեկանել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը և կայացնել արդարացման վճիռ։ Գուրգեն Ստեփանյանը հայտարարել է, որ համաձայն է փաստաբանի ելույթի հետ և իրեն մեղավոր չի ճանաչում։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 30-ին։

Բաքվի ռազմական դատարանի 2026 թվականի փետրվարի 5-ի դատավճռով Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա, Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը՝ 19 տարվա, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա, Դավիթ Ալլահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16 տարվա, իսկ Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման։