
«Հայաքվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է ընտրողների ընտրական իրավունքը խոչընդոտելու հոդվածով: Նա ՔԿ-ում պնդել է, որ մեղադրանքը սուտ է: Այդ մասին Քննչական կոմիտեի շենքի մոտ հայտնել է նրա պաշտպան Վարազդատ Հարությունյանը, հայտնում է Factor.am-ը:
Փաստաբանի խոսքով՝ Չալաբյանին Քննչական կոմիտեից տեղափոխել են դատարան, որտեղ պետք է քննվի նրա նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, դեռևս հայտնի չէ, թե գործը որ դատավորին է մակագրվել։
Վարազդատ Հարությունյանը չի բացահայտել մեղադրանքի բովանդակության մանրամասները՝ նշելով, որ կապված է նախաքննական գաղտնիքի պահանջներով։ Միաժամանակ նա հույս է հայտնել, որ Քննչական կոմիտեն, ինչպես վերջին շրջանում ձևավորված պրակտիկայի դեպքում, այս գործով ևս կհրապարակի մանրամասն հաղորդագրություն։
Պաշտպանը նաև տեղեկացրել է, որ առավոտյան՝ մինչև ձերբակալությունը, իրականացվել է Ավետիք Չալաբյանի բնակարանի խուզարկություն։
Նրա փոխանցմամբ՝ ենթադրաբար որոնվել են ընտրացուցակներ, սակայն խուզարկության ընթացքում որևէ նման նյութ չի հայտնաբերվել։
Նրա կինը՝ Անահիտ Ադամյանն ուղերձով հայտնել է, որ խուզարկության արդյունքում իրավապահները որևէ ապօրինի բան չեն հայտնաբերել, սակայն առգրավել ռն Չալաբյանի բջջային հեռախոսը, հայտնում է Sputnik Արմենիան:
Ադամյանի փոխանցմամբ՝ ոստիկանության և քննչական մարմինների 7-8 աշխատակիցներ իրենց բնակարան են այցելել վաղ առավոտյան՝ մոտավորապես ժամը 07:10-ին, երբ ընտանիքի անդամները, այդ թվում՝ երեխաները, դեռ քնած են եղել։
«Եկել էին փաստաթղթերով, այսինքն՝ նախօրոք պատրաստված էին եկել, որպեսզի ձերբակալեին։ Սա ակնհայտորեն քաղաքական հետապնդում է»,– նշել է նա։
Չալաբյանի կինը տեղի ունեցածը գնահատել է որպես քաղաքական հաշվեհարդար և այն կապել է ընդդիմադիր դաշտում ընթացող գործընթացների հետ։
«Սա ակնհայտորեն քաղաքական հետապնդում է։ Բոլորս էլ տեսնում ենք՝ ինչ է տեղի ունենում հիմա ընդդիմադիր դաշտում»,- հայտարարել է ձերբակալված գործչի կինը։
Նրա կարծիքով՝ ձերբակալության ժամանակը պատահական չէ ընտրվել և կապված է Սահմանադրական դատարանում սպասվող իրավական գործընթացների հետ։
Անահիտ Ադամյանը համոզմունք է հայտնել, որ ամուսնու ձերբակալությունն իրականացվել է միտումնավոր, որպեսզի Սահմանադրական դատարանի կողմից խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքների քննության օրերին նա մեկուսացված լինի և չմասնակցի հանրային գործընթացներին։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ու «ՀայաՔվե» միավորումը ապրիլին համագործակցության հուշագիր էին ստորագրել՝ միավորելու ջանքերը հունիսի 7-ի ընտրությունների միջոցով հասնելու գործող վարչախմբի հեռացմանն ու նոր ազգային իշխանության ձևավորմանը: