
Հայաստանն իր Անվտանգության խորհրդի քարտուղարին ուղարկում է Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովի՝ ընդգծելով Երևանի հեռանալը Ռուսաստանից՝ Մոսկվայի կողմից իր դաշնակցի վրա տնտեսական ճնշման աճի ֆոնին, ասվում է Bloomberg-ի հոդվածում:
Պարբերականի հաղորդմամբ՝ Լեհաստանի և Ուկրաինայի կողմից համատեղ կազմակերպվող միջոցառմանը, ըստ ակնկալիքների, մասնակցելու են մոտ 100 երկրի պատվիրակություններ, գրում է Aysor.am-ը:
Bloomberg-ը նշել է, որ այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Եվրամիությունը քայլեր է ձեռնարկում՝ մեղմելու Հայաստանի վրա Ռուսաստանի սահմանած առևտրային սահմանափակումների ազդեցությունը։ Պարբերականի գնահատմամբ՝ դա տեղի է ունենում այն ֆոնին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ակտիվացրել է Բրյուսելի հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ ջանքերը։
Հոդվածում նշվում է, որ Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկող մարմինը մայիսի 30-ից սկսել է սահմանափակումներ կիրառել Հայաստանից ներմուծվող որոշ ապրանքների նկատմամբ, իսկ հետագայում այդ միջոցները տարածվել են նաև հայկական սննդամթերքի, ծաղիկների, ալկոհոլային խմիչքների, սերմերի և պարարտանյութերի զգալի մասի վրա։
Bloomberg-ը նշել է, որ հայկական կողմն այդ սահմանափակումները գնահատել է որպես քաղաքական շարժառիթներով պայմանավորված։
Պարբերականն անդրադարձել է նաև հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններին՝ նշելով, որ դրանք լայնորեն դիտարկվել են որպես վարչապետ Փաշինյանի եվրոպամետ քաղաքականության հանրային աջակցության ստուգատես։ Ըստ հրապարակման՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 49.81 տոկոսը և ապահովել իշխանության երրորդ ժամկետը՝ հաղթելով ռուսամետ համարվող ընդդիմությանը։
Հոդվածում նաև հիշատակվել է Ռուսաստանի դիրքորոշումը։ Bloomberg-ը նշել է, որ Կրեմլը զուգահեռներ է անցկացրել Հայաստանի եվրոպական ձգտումների և Ուկրաինայի փորձի միջև։
«Երևանը պետք է հաշվի առնի որոշ հանգամանքներ, որոնք կարևոր են և՛ մեզ համար, և՛ մեր գործընկերների համար»,- մեջբերել է պարբերականը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մայիսին հնչեցրած հայտարարությունը։
Մինչդեռ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է մեկնել Լեհաստանի Գդանսկ քաղաք, որտեղ կկայանա Ուկրաինայի կարգավորման վերաբերյալ համաժողովը: Պատճառը «Սպիտակ արծիվ» լեհական շքանշանից իրեն զրկելու հետ կապված սկանդալն է։ Զելենսկու փոխարեն համաժողովին կմեկնի երկրի վարչապետ Յուլյա Սվիրիդենկոն