24 հունիսի 2026 - 19:10 AMT
Չալաբյանը 2 ամսով կալանավորվել է

«Հայաքվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվել է։ Դատարանը բավարարել է նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունը, հայտնում է Radar Armenia-ն:

Ըստ նախաքննական մարմնի՝ Ավետիք Չալաբյանի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 43-210-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն)։

Ըստ Քննչական կոմիտեի՝ Ավետիք Չալաբյանը 2026 թվականի մայիսին մեկնել է արտերկիր, հանդիպել այլ պետության պաշտոնատար անձանց հետ, հորդորել, որ միջամտեն ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը հայտնել է, որ «Անկախ դիտորդը» հաղորդում էր տվել ՌԴ մի խումբ պաշտոնյաների կողմից ՀՀ մի շարք քաղաքացիների հետ միասին ՀՀ-ում իշխանության զավթման փորձի մասին, գործը հարուցվել էր։ Նրա խոսքով՝ հետագայում, երբ հրապարակվել է Ավետիք Չալաբյանի ձայնագրությունը, այն ևս ուղարկվել է դատախազություն՝ որպես լրացուցիչ նյութ։

«Հայաստանի ընտրությունների ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ»,-գրել է նա: