
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հունիսի 23-ին և 24-ին տեղի են ունեցել Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և հիմնադրամի գլխավոր տնօրենի մրցութային հանձնաժողովի նիստերը, որոնց ընթացքում ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը։
Հիմնադրամի գլխավոր տնօրեն է ընտրվել «Բերեկկե բանկ Ղազախստանի» գլխավոր ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելքոնյանը:
Քվեարկության արդյունքում հոգաբարձուների խորհրդի անդամ են ընտրվել՝ Կալիֆոռնիական համալսարանի Լոս Անջելեսի հիվանդանոցի մանկական վիրաբուժության ղեկավար Շանթ Շեխերդիմյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային առողջության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը, Համաշխարհային առևտրի կենտրոնի Երևանի մասնաճյուղի տնօրեն Արտաշես Տոնոյանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ուկրաինայի գրասենյակի խորհրդական Թումաս Պալուն, «Կաիզեր Պերմանենտե» ընկերության տարածքային ղեկավար Խոդամ Ռոստոմյանը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ հանձնաժողովի անդամների և գլխավոր տնօրենի ընտրությունը տեղի է ունենում երկու փուլով: Առաջին փուլով սահմանված ժամկետներում տրվել են հայտարարություններ, քննվել են ներկայացված դիմումները և ընտրվել այն թեկնածուները, որոնք համապատասխանում են վերոնշյալ պաշտոնները զբաղեցնելու համար սահմանված պահանջներին:
Հարցազրույցի ընթացքում թեկնածուները ներկայացրել են ոլորտի զարգացման և կառավարման արդյունավետության բարձրացման իրենց տեսլականը, մասնագիտական փորձառությունը, պատասխանել մրցութային հանձնաժողովի անդամների հարցերին: Հարցազրույցի փուլից հետո տեղի է ունեցել քվեարկություն, ամփոփվել են քվեարկության արդյունքները և կայացվել է որոշում՝ հաղթողներ ճանաչելու վերաբերյալ: Հաջորդիվ՝ վարչապետը հրապարակել է մրցույթի արդյունքները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը շատ էական և շրջադարձային նշանակություն ունեցող բարեփոխում է Հայաստանի Հանրապետության համար, և այդ բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում»:
Վարչապետի խոսքով, կառավարությունը պատվիրակում է հիմնադրամի կառավարումն ընտրված անդամներին և գլխավոր տնօրենին՝ շարունակելով էական դեր ունենալ քաղաքականությունները մշակելու պրոցեսում:
Փաշինյանի դիտարկմամբ՝ հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրությունը կատարվել է այն տրամաբանությամբ, որ կառավարությունը, առողջապահության նախարարությունը, շահառուները, բժշկական հանրությունը, հոգաբարձուների խորհուրդը և գլխավոր տնօրենը ձևավորեն բալանսների որոշակի համակարգ, որն էլ իր հերթին կապահովի հիմնադրամի և ընդհանրապես Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ընդհանուր զարգացումը և հաջողությունը:
Ամփոփելով՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել պրոցեսում ընդգրկված բոլոր պատասխանատուներին, ինչպես նաև հիմնադրամի գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Սամվել Խարազյանին՝ այս ընթացքում կատարած աշխատանքի համար, և համոզմունք հայտնել, որ նա որևէ կարգավիճակով կշարունակի իր մասնակցությունը պրոցեսին:
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը սկսել է գործել 2026 թվականի հունվարի 1-ից։ Սկզբնական փուլում ընդգրկվել է 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները։ Առաջին փուլում ապահովագրության շահառուներ են դարձել նաև մինչև 18 տարեկանները և 65 տարին լրացած բոլոր անձինք՝ անկախ եկամտային մակարդակից։ Այս խմբերի համար պետությունը 2026 թվականին կիրականացնի 100 տոկոսանոց ֆինանսավորում։
Պարտադիր ապահովագրության փաթեթը տարեկան կազմում է 129, 600 դրամ և ներառում է կանխարգելիչ ու վաղ հայտնաբերման ծրագրեր, սքրինինգային, հիվանդանոցային բուժում, դեղորայքային ապահովում և շտապօգնության ծառայություններ։ 200–500 հազար դրամ աշխատավարձ ստացող անձանց համար պետությունը հոգում է մեծ մասը, և նրանք ամսական վճարում են ընդամենը 300 դրամ, քանի որ «Զինապահ» հիմնադրամին ուղղվող գումարների զգալի հատվածը վերաուղղվում է ապահովագրական համակարգին։