
Հայաստանում անցկացվող «Արծիվ գործընկեր 2026» զորավարժության ընթացքին հետևել են Հայաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Հունաստանի քաղաքացիական առաջնորդներն ու բարձրաստիճան զինվորականները, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդներն ու ներկայացուցիչները, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:
Ներկա են եղել ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին, ՀՀ-ում Հունաստանի դեսպան Քրիստոս Սոֆիանոպուլոսը, Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչ բրիգադի գեներալ Ջեյսոն Քնոբը, Եվրոպայում ցամաքային գործողությունների գլխավոր շտաբի պետ գնդապետ Փոլ Կորտոն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Համատեղ զորավարժությունն անցկացվել է Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման նպատակով և ընդգծել է Հայաստանի և գործընկեր պետությունների միջև շարունակվող պաշտպանական համագործակցությունը։
«Արծիվ գործընկեր-2026» («Eagle Partner») զորավարժությունը, որին մասնակցում են ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի (250 մասնակից), Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ու Կանզասի ազգային գվարդիայի (58 մասնակից), Ֆրանսիայի (24 մասնակից), Հունաստանի (11 մասնակից) զինված ուժերի զինծառայողները, անցնում է հունիսի 17-25-ը: