26 հունիսի 2026 - 10:32 AMT
Դավիթ Համբարձումյանը դատարանի դահլիճից ազատ է արձակվել

Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը բեկանվել է և ուղարկվել դատարան՝ նոր քննության։ Նման որոշում է կայացրել վերաքննիչ քրեական դատարանը՝ Հարություն Պետրոսյանի նախագահությամբ։

Դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը վերացվել է, սահմանվել է վարչական վերահսկողություն, և Համբարձումյանն ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից, հայտնում է Sputnik Արմենիան:

Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Դավիթ Համբարձումյանը հայտարարել է, որ դատարանի որոշումը միանշանակ բողոքարկելու են, քանի որ արդարացման որոշման էր սպասում։

«Նոր քննություն պետք է լինի, ես այդ հանցանքը չեմ գործել»,- ասել է Համբարձումյանը։

Գործը բեկանվել է նաև Դավիթ Համբարձումյանի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի մասով, և նրա մասով ևս նոր քննություն կլինի։

Համբարձումյանը 6 տարվա ազատազրկման էր դատապարտվել հոկտեմբերին: Հաջորդ օրը նա գրառում էր արել սոցցանցում` հայտնելով, որ իրեն մեղսագրվող արարքների որևէ հիմնավորում չկա, ինքն աշխատանքային այցով գտնվում է արտերկրում և փախչելու մտադրություն չունի։Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու համար:

Համբարձումյանը կալանավորվել էր, հետո 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել: ՔԿ–ն 2019 թվականին հանցակազմի բացակայության պատճառով դադարեցրել էր Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը զանգվածային անկարգությունների մասով։ Նա շարունակում էր մեղադրյալ մնալ զենքի կամ որպես զենք օգտագործող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հոդվածով: