26 հունիսի 2026 - 18:35 AMT
Օրբելյան. ՍԴ բոլոր դատավորները, բացի մեկից, նշանակված են մեկ քաղաքական ուժի կողմից` խնդիր ենք տեսնում

ՍԴ բոլոր դատավորները, բացի մեկից, նշանակված են մեկ քաղաքական ուժի կողմից, ինչը խնդիր է, հայտարարել է փաստաբան, ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը: Նա այդ մասին ասել է ՍԴ-ում հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննության ընդմիջման ընթացքում:

«Բոլոր դատավորները, բացի ՍԴ նախագահ Արման Դիլանյանից, նշանակված են մեկ քաղաքական ուժի ժամանակ։ Նման իրավիճակ ունեցել ենք 1995 թվականին, երբ որ ձևավորվել է դատարանը։ 2020 թվականից հետո փոփոխությունների արդյունքում բոլոր դատավորները նշանակված են մեկ քաղաքական ուժի կողմից։ Այստեղ մենք տեսնում ենք խնդիր, բայց դատարան չլինելը միշտ ավելի վատ է, քան վատ դատարան ունենալը»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Փաստաբանը նշել է, որ ՍԴ-ն բաղկացած է 9 անդամից, այս հարցի քննության դեպքում ունենում ենք իրավիճակ, երբ որոշում կայացնելու են 7 հոգի։

«Կարող է հայտնվենք մի իրավիճակում, լրիվ օբյեկտիվ իրավիճակ է, որտեղ չկարողանան որոշում կայացնել»,-ասել է նա՝ հավելելով, որ որոշումը պետք է ընդունվի առնվազն հինգ ձայնով։

«Եթե որոշեն բավարարել՝ 5 կողմ պետք է լինի, որոշեն մերժել՝ 5 կողմ պետք է լինի։ Կարող է այս դեպքում լինի 3-4։ Ուղղակիորեն սահմանված է ձեռնպահ մնալու արգելք։ Արդյունքում այս խնդիրն առաջանում է։ Երկուսի դեպքում էլ անհրաժեշտ է 5 ձայն։ Եթե վերջում ստացվի՝ 3-4, ու չենք կարողանալու ավարտել, վեադառնալու ենք այս հարցին։ Ես ակնկալում եմ, որ լինելու է 7-0 կամ 6-1, դե 1 հոգի էլ դեմ պետք է լինի»,-նշել է նա:

Օրբելյանի խոսքով՝ իրենց միջնորդության նպատակն այն է եղել, որ դատարանը գործը քննի ամբողջական կազմով։

«Մեր միջնորդությունը հետևյալն էր. ոչ թե պետք է դատարանի կազմը կրճատվի, այսինքն դատավորների անհնարինություն լինի, այլ պետք է ամբողջ կազմով գործի, դատավորները պետք է փորձեն դրա շրջանակներում ապահովեն իրենց անաչառությունը, մնացած դատավորները պետք է հաշվի առնեն պոտենցիալ կապերը, իրենց քննարկումների ժամանակ դա հաշվի առնելով՝ որոշում կայացնեն»,- ասել է նա։

ՍԴ աշխատակարգային որոշումների համաձայն՝ ՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանն ու Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։ Դիմում ներկայացրած քաղաքական ուժերը պահանջել են նաև քննարկել դատավորներ Սեդա Սաֆարյանի և Դավիթ Խաչատուրյանի մասնակցության հարցը, սակայն Սահմանադրական դատարանը որոշել է այդ հարցը քննարկման առարկա չդարձնել։