27 հունիսի 2026 - 11:13 AMT
«Նոան»` Մելիքբեկյանի չառաջդրվեու մտադրության մասին. Խոսքից հետ կանգնել չկա

Հայաստանի փոխչեմպիոն և գավաթակիր «Նոան» արձագանքել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հայտարարությանը, ըստ որի՝ նա այս պահին կրկին ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրություն չունի, հայտնում է armsport.am-ը։

Ակումբը դրական է գնահատել նրա հայտարարությունը՝ նշելով, որ «խոսքից հետ կանգնել չկա»:

«Այսօր հարցազրույցի ընթացքում Արմեն Մելիքբեկյանը հայտարարեց, որ չի առաջադրվելու ՀՖՖ նախագահի հաջորդ ընտրություններում։ Մենք այս հայտարարությունը գնահատում ենք որպես դրական և կարևոր զարգացում հայկական ֆուտբոլի համար։ Միևնույն ժամանակ՝ արձանագրում ենք, որ նման հայտարարությունից հետո որևէ հետքայլ կամ դիրքորոշման փոփոխություն չի կարող ընդունելի լինել հայկական ֆուտբոլային հանրության համար։ Մենք ակնկալում ենք, որ առաջիկա փուլը կբերի նոր մոտեցումներ, նոր արժեքներ և իրական բարեփոխումներ, որոնք անհրաժեշտ են հայկական ֆուտբոլը զարգացման նոր մակարդակ տեղափոխելու համար»,- նշված է «Նոայի» հայտարարությունում։

ՀՖՖ գործող նախագահն իր որոշման մասին բարձրաձայնել է Արմեն Գարամյանի YouTube-յան «Podcast with Garamyan» հաղորդաշարին տված հարցազրույցում։

Մելիքբեկյանը 2023 թվականին վերընտրվել է այդ պաշտոնում՝ քվեարկության արդյունքներով առավելություն ստանալով Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսի նկատմամբ։