29 հունիսի 2026 - 13:10 AMT
Օրհուսի կոնվենցիայի նստաշրջանում ներկայացվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Հունիսի 24-26-ը շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանը մասնակցել է Օրհուսի կոնվենցիայի Կողմերի աշխատանքային խմբի 30-րդ նստաշրջանին, որտեղ ներկայացրել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի (CBD)՝ COP17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքները և թափանցիկության, հանրային մասնակցության և ներառական բնապահպանական կառավարման ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը։

Նա նաև ներկայացրել է COP17-ի նախապատրաստական գործընթացում շահագրգիռ կողմերի լայն ներգրավումն ու հավասարակշռված մասնակցությունն ապահովելուն ուղղված միջոցառումները։

Չաքրյանը կարևորել է Օրհուսի կոնվենցիայի և «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի միջև համագործակցությունը՝ ընդգծելով միջազգային մակարդակում մասնակցային որոշումների կայացման նշանակությունը։

Նստաշրջանի օրակարգում քննարկվել են նաև Օրհուսի կոնվենցիայի ԳՁՕ փոփոխության վավերացման վերաբերյալ ազգային խորհրդակցությունները, ինչպես նաև EU4GreenRecovery ծրագրի շրջանակում վերջերս իրականացված ուսումնաճանաչողական այցի արդյունքները։

Որպես CBD COP17-ը հյուրընկալող երկիր՝ Հայաստանը շարունակել է իր հանձնառությունը կենսաբազմազանության թափանցիկ, ներառական և մասնակցային կառավարման խթանման ուղղությամբ՝ առաջնորդվելով Օրհուսի կոնվենցիայի և «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի սկզբունքներով։

Նստաշրջանի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է նախարարության կողմից ներկայացված հղմամբ։

2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում: