29 հունիսի 2026 - 18:47 AMT
Քննարկվել են ՀՀ-ում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները։

Ներդրումային կոմիտեի հինգերորդ նիստի ընթացքում որոշում է կայացվել ձևավորել ջրածնի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ, որը պետք է իրականացներ աշխատանքներ կանաչ ջրածնի ոլորտի զարգացման, դրա առավելությունների, արտադրության մեթոդների և տեխնոլոգիաների բացահայտման ուղղությամբ։ Ընդգծվել է, որ տվյալ խորհրդակցության նպատակը Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման վերաբերյալ աշխատանքային խմբի և խորհրդատվական ընկերությունների իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում մշակված առաջարկների քննարկումն է։

Այնուհետև ներկայացվել է կանաչ ջրածնի զարգացման իրավական շրջանակը, կիրառման ոլորտները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել երկարաժամկետ ռազմավարական լուծմանը, որը միտված է լինելու էներգետիկ համակարգի ածխածնազերծմանը, արտանետումների կանխարգելմանը, կանաչ տաքսոնոմիայի պահանջների կատարմանը և այլ ուղղությունների։ Մանրամասն ներկայացվել են կանաչ ջրածնի արտադրության ծրագրային առաջարկները, մասնավորապես՝ «BDO ADVISORY» և «CIVITTA» խորհրդատվական ընկերությունների կողմից կանաչ ջրածնի արտադրության և ինտեգրման վերաբերյալ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների արդյունքները։ Անդրադարձ է կատարվել նաև կանաչ ջրածնի արտադրության զարգացման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ սցենարներին։

Ներկայացված ուսումնասիրությունների և առաջարկների շուրջ ծավալվել է քննարկում, ներկայացվել են դիտարկումներ՝ էներգետիկ փոխակերպման գործընթացում կանաչ ջրածնի արտադրության մեթոդների վերաբերյալ։

Վարչապետը կարևորել է աշխատանքային խմբի և խորհրդատվական ընկերությունների կողմից ներկայացված ուսումնասիրությունները, ընդգծել գիտական համայնքի հետ համագործակցության և միջազգային փորձի կիրառմամբ կանաչ ջրածնի արտադրության պիլոտային ծրագրի իրականացման անհրաժեշտությունը։ Երկրի ղեկավարը հանձնարարել է առաջիկայում ներկայացնել զեկույց՝ պիլոտային ծրագրի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ։